Էջ:Among the Ruins.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինչև քաղաքին սահմանն ընկերացան մեր սայլին ու հրաժեշտի ողջույններու մեջ, որ կղրկեինք իրենց հետզհետե հեռանալով, թե՛ արցունք կար, թե ժպիտ․ բայց այդ արցունքը քաղցր և ամոքիչ էր այս անգամ:

Սայլը թավալելով կհեռանար Տյորթ Յոլի այն թաղեն, որ պատնեշներեն դուրս գտնվելով ավերման ենթարկված էր: Հարկ չկար հարցնելու, թե թշնամի խուժանը մինչև ուր հասած էր. իրենց հետքերը ձգած էին.- կացինահար ծառեր, արմատախիլ եղած նարնջենիներ, կոխոտված պարտեզներ ու ասդին - անդին առանձնապես ցցված ծառի կմախքներ, որոնց տերևները բառական իմաստով ամբողջովին փեթռտված էին: Ավելի կատարյալ ու արտահայտիչ պատկեր չէր կարելի երևակայել՝ իր ամբողջությանը մեջ ըմբռնելու համար այն չարագուշակ մարդակերներու քանդող ոգին, որով հարձակեր էին խաղաղ բնակչության վրա:

Այս անգամ ալ Համիդիե երթալու համար ստիպված Էինք Էրզին հանդիպիլ։ Նկատի ունենալով մեր կարճ ժամանակը, հույս չունեինք կրկին մեր բանտարկյալները տեսնելու, բայց մեր սովորության համեմատ փորձեցինք ու հաջողեցանք: Կարճ և անբավական տեսակցության մը միջոցին էր, որ հաղորդեցինք մեր գիտցածը Բայասի աքսորյալներու մասին ու փոխադարձաբար լսեցինք, թե այդ նույն աքսորյալներուն հավանական էր, որ հանդիպեինք մեր ճամփուն վրա:

Ուրեմն աճապարեցինք ճամփա ելլելու: Ձիերը չէին քակված իսկ և մեր սայլը պատրաստ կսպասեր շուկային մեջ: Հազիվ թե տեղավորված էինք, երբ շատ երիտասարդ և շատ թուխ երիտասարդ մը եկավ դեպի մեզի: Թուրք էր. իր սելամը տալեն ետքը վարանոտ մնաց պահ մը, և հակառակ մեր հրավերներուն, անիկա չխոսեցավ. իր սև և համակրելի աչքերը թե՛ տխուր էին, թե՛ ժպտուն և անոնց ջերմ նայվածքը կհանգչեր անգամ մը իմ ընկերուհիիս վրա: Այն պահուն, երբ սայլապանը, որ պահ մը հեռացած էր մեզմե՝ կվերադառնար, թուրք երիտասարդը հրաժեշտ առավ ու հեռացավ:

- Խոսեցա՞ք իր հետը, - հարցուց սայլապանը, երբ ճամփա ելած էինք, և զինքն աչքե հեռացուցած բոլորովին:

Իր շարունակական դեգերուններուն մեջ՝ մեր սայլապանը մանրամասնորեն գիտեր այլևայլ վայրերու պատմություններ. մեզի հետ