Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կշահագրգռվեր ու հաճախ մեզի հետ կպտտեր, երբ երթայինք ավերակներու վրա. ու շատ անգամ ինքն էր, որ կամբողջացներ արկածյալներուն կցկտուր խոսքերը:

- Այդ տղան մարաշցի Մեհմետ անուն երիտասարդ մըն էր, - ըսավ վերջապես, երբ մեր սայլն անկարելի ոստումներ ընելով դուրս կելլեր Էրզինեն. - անոր ըրածը ոչ ոք չէ ըրած:

Մեր հետաքրքրությունը գոհացնելու համար պատմեց Էրզինի դեպքը և մարաշցի Մեհմետին դերը:

Չորեքշաբթի ժամը 11-ին Էրզինի Մյութեսարըֆը Ասաֆ պեյ հեռագիր կստանա Ադանայեն, որով իմաց կտրվեր իրեն, թե 24 ժամե ի վերջ ջարդ կար: Անմիջապես Մյութեսարըֆը զենք կբաժնե թուրք ժողովուրդին: Հինգշաբթի չորս Տյորթ յոլցի հայեր, որոնք պանիր առնելու համար Էրզին կուգային՝ կսպաննվին ճամփուն վրա: Այն ատեն երկու մուսուլմաններ՝ սապըգ Մյուֆթի և Մուսա էֆենդի կհավաքեն Էրզին գտնվող 200-ի չափ հայերը, կտեղավորցնեն զանոնք խանի մը մեջ և իրենք կպաշտպանեն խուժանին հարձակումններուն դեմ: Հետզհետե պաշտպանությունը կդժվարանար. զինված ամբոխը կատաղությամբ կուգա կյավուրներուն վրա, իզուր քանի մը հոճաներ կուգան կմիանան վերը հիշված թուրքերուն: Այն ատեն ճարահատ, հազար հնարքի դիմելով և կյանքերնին վտանգելով կփոխադրեն հայերը խանեն բանտ, ուր կամրացնեն զիրենք բանտին մեջ, թեև ավելի ապահով: Հայերը կզրկվին դուրսի հետ որևէ հարաբերություն ունենալե: Խուժանն օրերով կպաշարե զիրենք և համբերությամբ կսպասե րոպեին, երբ անոթությունը պիտի հարկադրեր հայերը՝ իրենց ամրոցեն դուրս ելլելու: Եվ իրավամբ կյանքը կսկսի անկարելի դառնալ պաշարյալներու համար. նույնիսկ թուրքեր չեն համարձակիր իրենց շրջանակին մեջ մտնել և պաշարյալներուն տակ պարեն հասցնել հայերուն: Այդ պահուն էր, որ Էրզինի թրքաբնակ ավանին մեջ Մեհմետին խիղճը կարթննա, և այդ քսանամյա երիտասարդն անխոնջ եռանդով ու ոտնահարելով մահվան վտանգը, օրվան գրեթե ամեն ժամերուն՝ ուտեստ կհասցնե հայերուն: Երբ պաշարյալներուն գրպանի դրամը կսպառի, այն ատեն նույնիսկ ինքը կտրամադրե հինգ ոսկի, միակ խնայողությունը, որ ըրած էր երկու-երեք տարիե ի վեր՝ աշխատելով ճարտարապետ Կիրակոս ուստային քով: