Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էրզինցի 200 հայեր, մեծ մասը պանդուխտ, իրենց կյանքը կպարտին այդ դեռահաս թուրք երիտասարդին:

Երբ սայլապանն իր պատմությունն ավարտեց, բավական հեռու էինք արդեն Էրզինեն. մեր սիրտերը ողողված էին նոր տեսակ զգացումով մը. հուզմունքով էր, որ կմտաբերեի մարաշցի Մեհմետին առեղծվածային և խաղաղ ու համակրելի նայվածքը:

Ի՞նչ ճաճանչ էր ատ թշնամիին մթագնած խղճմտանքին մեջ. ո՞ւր էր աղբյուրն այդ լույսին, որ դրդած էր մեհմետներն անջատվիլ խուժանին զանգվածային անգիտակցութենեն ու անոր խորտակող և քանդող ուժին դեմ կանգնիլ առանձինն ու հաղթական դառնա՜լ…

Այս սփոփարար մտածումներով օրորված կառաջանայինք ճամփուն վրա, երբ հեռավոր կայան մը նշմարեցինք: Ամբողջ քարավան մը կանգ առած էր. թուրք և հայ բանտարկյալներն էին անտարակույս, որովհետև զինված և ձիավոր զորքերու շարքը շատ հատկանշական էր:

Մեր ճամփան ոգևորված էր անցորդներով, փաթթոցավոր հոճաներ ձիու կամ էշու վրա հեծած կարտորային հեռուներեն, թշվառ և տխրատեսիլ գյուղակներեն, թուրք կիներ ցնցոտիներով ծածկված կգային կշարվեին ճամփուն վրա, քարավանին անցքին, տեսնելու համար իրենց բանտարկյալները: Տեղ-տեղ խումբեր կկազմեին, բայց ոստիկան զինվորներն անմիջապես կնշմարեին անիկա, կփութային և կցրվեին զանոնք:

Մեր դեմ կտարածվեր ընդարձակ թատերավայր մը. ու թեև հեռավորության պատճառավ բան մը չէինք լսեր. կտեսնայինք ու կհասկնայինք մանավանդ շատ բաներ:

Մեր միակ մտահոգությունը՝ մեր բանտարկյալներուն մերձենալն էր. չէինք գիտեր թե ղրկված դրամը հասա՞ծ էր իրենց և թե վարձա՞ծ էին սայլ, թե ոչ քալելով կընկերանային քարավանին: Մեր սայլապանին հետ համաձայնելով՝ շեղեցանք ճամփեն և ուղղվեցանք բանտարկյալներուն վրա:

Անոնք կպատրաստվեին մեկնելու և փութով կտեղավորվեին սայլերու մեջ: Հրացանն ուսերին՝ ձիավոր զինվորներ շարքը կմտնեին: Քանի կմոտենայինք, կնշմարեինք չարագուշակ դեմքեր ոճրի հիշատակով մոլորված նայվածքներ, դևի և հրեշի դիմակներ, մարդկությունը