Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կառավարութենեն զինքը կխնդրեն անմիջապես: ժողովուրդը պահ մը շփոթված կմնա, հետո կցրվի: Այն նույն միջոցին կառավարչատան մեջ հայ պաշտոնյա մը Կիրակոս էֆենդի, կտեսնե, որ հեռագիր մը հասած է: Կուզե տեղեկանալ, բայց զինքը կհեռացնեն ըսելով, որ իրեն վերաբերություն չունի: Հայ պաշտոնյան երբ կտեսնե, որ թուրքերը կհավաքվին, կկարդան ու կբողոքին, կմեկնի պաշտոնատեղիեն և կփութա հասարակության իմացնելու իր կասկածները: Հայերը խանութները կգոցեն և տեղ-տեղ կհավաքվին խորհրդակցելու համար: Կասկածն ամենուն սրտերուն մեջ է, բայց շատերը չեն հավատար, որ մեծ աղետ մը կրնա պատահիր: Նույն միջոցին իսկ հրացանաձգությունը կսկսի և կտևե մինչև իրիկուն անընդհատ: Կհարձակին դեռ չի գոցված խանութներու վրա ու կսպաննեն և կթալնեն, կխորտակեն գոցվածները տերերը կփնտրեն զարնելու համար: Երբ մութը կսկսի, խուժանը կմտնա հայ թաղերը և տուները կհրդեհե: Շատ չուզելով կրակի մեջ մեռնիլ, հրացանե կզարնվին: Տեղ-տեղ թշնամիները դիմադրության հանդիպելով ա՛լ ավելի կկատղին ու նշմարելով տեղացիներեն ոմանց թուլությունը, աշիրեթներ բերել կուտան, որպեսզի ավելի անգթությամբ և անխնա սպաննեն: Տեղին գատըն գլուխը կկենա ոճրագործներուն և կխրախուսե զիրենք.

- Մարդիկը զարկե՛ք, թալանով ժամանակ մի կորսնցնեք, անհավատներուն մալերը երբ որ ըլլա մերն է՛:

Կիներ խելակորույս` խուժանին մեջ նշմարելով իրենց ծանոթ դրացիներ, կպաղատին և գթություն կհայցեն իրենց զավակներուն համար: Ամեն կողմե կլսվին սրտակեղեք աղաղակներ. «Տղոցս խնայեցե՛ք», «Զավակիս խնայեցե՛ք», ու հրացանները կպատասխանեն:

Գնդակներուն որոտումը խլացուցիչ կըլլա, մուխի և բոցի ծվեններու մեջեն կընդնշմարվին վիրավորված մարդիկ, արյունի շերտեր երեսներուն ի վար, աչքերնին կուրցած, ու բարձր բռնած ծծկեր տղաքներ, փրկելու, ազատելու խելահեղ ջանքով մը, և որոնց վրա կխոյանան սև և չոր բազուկները թշնամիին:

- Ոճրագործները զարհուրելի արբեցութենե մը բռնված էին. հռնդալով ու ոռնալով կհարձակեին նույնիսկ մոլորած տղոց վրա, աչքերնին դարձած, մարդկային որևէ զգացումե զրկված, անանուն գազաններու պես էին: Այսօր երբ կվերհիշեմ այդ պատկերները,