Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դժվարս կուգա հավատալու, նույնիսկ ինծի, որ աչքովս տեսա, թե իրականությո՞ւն են անոնք:

Հետզհետե ուրիշ այցելուներ եկան մեզ բարևելու, հույն պաշտոնյայի մը մայրը, սուրիացի տիկին մը, ևս. եկան նաև արկածյալներ, որոնց մեջ էր Կիրակոս էֆենտիի կինը: Խոսակցությունը հետզհետե ավելի արծարծվեցավ. ամենուն դեմքերը ցավի և վիշտի այնպիսի արտահայտություններ ունեին, որ դեռ զիրենք չլսած՝ կփղձկեինք:

- Ինչչափ մայրական սիրտեր վիրավորված են, ափսո՜ս, - կըսեր հույն տիկինը, գլուխը շարժելով:

Կիրակոս էֆենտիի կինը հեկեկալով կպատմեր.

- Տան մը մեջ ապաստանած էինք 40-50 հոգի: Երիտասարդները դիմադրեցին, բայց իզուր: Թշնամիներն ամեն կողմե կբխեին ու անթիվ էին: Վերջապես կրակի տվին. երեք զավակներս ալ զարկին, ամեն մեկ քայլիս երեքեն մեկն ինկած կտեսնեի: Տղոցս դիակները մնացին ճամփուն վրա ու զիս նվաղած Սապաթիե ընտանիքին քով բերին: Էֆենտիս այլևս չտեսա:

- Ես չնվաղեցա,- կպատասխանե ուրիշ մը.- ցավես քարացած կնայեի սպաննված զավակներոա վրա ու չէի հասկնար, անոնց կտոր-կտոր եղած մարմինները, լճացած արյունը զիս չէին արթնցներ, կտեսնեի, բայց չէի հասկնար ու կկարծեի, թե ինչ որ եղավ, հիմակ չէ որ եղավ, այլ հեռավոր և ինծի հետ կապ չունեցող բան մըն էր: Բայց մեկեն կարծես ձեռք մը խառնեց սիրտս, և պոռալով ու աղաղակելով սկսա փախչիլ…:

Կինը գլուխը բարձրացուց և իր զարհուրած աչքերը սևեռեց մեզի, կտանջվեր իր զգացածը չկրնալ բացատրելուն համար, և ձեռքերովը կուրծքը կբզկտեր: Շատ դժվարավ վերջ ի վերջո թոթովեց.

- Զավակներես չէ, որ կփախչեի, այլ ցավես, կսկիծես… իմ արյունոտած սիրտես…

- Վա՜յը գլխուդ, ի՞նչպես ապրեցար, - կհառաչեն ուրիշ նույնքան սգավոր կիներ…

- Մեր ապրիլն անեծք մըն է՜… - պատասխանեց երիտասարդ կին մը. - ամեն օր քանի մը անգամ կմեռնինք՝ միտքերնիս բերելով եղածները ու տեսնելով մեր սիրելիներուն ոճրագործները: Ամենքն ալ մեզի ծանոթ էին, անունով կճանչնային, ու դիակները քննելով կհասկնային,