Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ մեռելական լռության մեջ.

- Նեղ օրիդ երբ գլուխդ քարին զարնես, քարեն արցունք կելլա, բայց դուշմանեն մերհամեթ չելլար:

Նույն պահուն լսեցինք հեռվեն խելագար այրիին օրորը որ կմոտիկնար հետզհետե…:

Ամենքն ալ հիշեցին իր խոսքերը ու սկսան հեկեկալով արտասվել: Արկածյալներուն հետ կարտասվեինք ոչ միայն մենք, այլ նաև ֆրանսացի և օտարական կիները… և նշմարեցինք, որ հույն մայրն իր արտասվաթոր դեմքը մեզի դարձուցած կարծես կզարմանար, որ լսելով ու տեսնելով բոլոր այս բաները, դեռ կապրեինք, դեռ կհաջողեինք կանգուն մնալ:

Հակառակ Սապաթիե ընտանիքին ստիպումներուն, հակառակ տեղացիներու ագդարարությանց, համառեցանք մեր որոշումին վրա, ու նույն օրն իսկ ճամփա ելանք:

Բոլոր գիշերը պիտի ճամփորդեինք, բայց ի՜նչ փույթ… կհուսայինք ֆիզիկական արտակարգ հոգնությունով թմրեցնել մեր հոգեկան գրգռված վիճակը, ու մոռնա՜լ, մոռնա՛՜լ, մոռնա՜լ…:

Սայլն անցավ շուկային մեջեն ուր կրպակներու առջևը ոճիրով ամբաստանված մարդիկ ցած աթոռակներու վրա նստած' հանդարտորեն նարգիլե կծխեին: Վերջալույսը կծանուցվեր արենագույն ամպերով, որոնք կսավառնեին երկնակամարին վրա: Մենք չէինք խոսեր իրարու հետ ու կնայեինք ոճրագործներուն: Թուրք տղեկ մը անցնելով մեր մոտեն, հայհոյություն մը ուղղեց մեզի… ուրիշներ ծիծաղելով պատասխանեցին. սայլն ավելի արագ անցավ ու մեր ետևն անհետացավ Համիդիեն իր ավերակներով ու իր անպատիժ մնացած ոճրագործներով:

Գիշերը կիջներ հետզհետե, ու մեր շուրջն ամայությունն ալ ավելի զգալի կդառնար: Գաղջ խոնավություն մը կպարուրեր մեզ, ու լռությունն այնքան կատարյալ էր, որ մեր սայլին աղմուկին արձագանքը կլսեինք: Աստղազարդ երկինքն աղոտ լույս կմաղեր միջոցին մեջ, որով կնշմարեինք մութի հետզհետե սև խավերու ետևեն հնամենի բերդի մը ավերակները: