Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինչև կեսգիշեր, մինչև Միսիս, ուր հարկադրվեցանք կանգ առնել երկու ժամու չափ, խորհեցա և մտաբերեցի մեր ճամփորդության միջոցին տեսած ու լսած դեպքերս ու պատկերներս: Մտքիս մեջ երբեմն այս, երբեմն այն դրվագը կներկայանար իրականության ուժգնությամբը: Սիրտս կայրեր անմխիթարելի ցավով. ու այդ ցավին մեջ խոնարհություն կար:Ըմբոստություն կար, ու երբեմն ալ գոռոզություն:

Իմ կոխոտված ու արյունոտած ցեղիս ձայնը կերգեր երակներուս մեջ գոռ եղանակներով. թշնամիին դիտավորություններն անգամ մըն ալ ապարդյուն եղեր էին ու կզգայի, հակառակ մեր ականատեսի հուսահատորեն տխուր տպավորություններուն, թե անմահ և անքակտելի բան մը. ցեղին հանճարը, խուսափած էր ոճրագործներու տապարներեն. դագանակներեն, հրացաններեն ու անոնց վառած խարույկներեն:

Բուն թշնամին, խավարի ոգին, դարավոր ախոյանը մեր Արիականի լուսատենչ և խաղաղավետ ձզտումներուն, քանդող և ավերող ուրվական, դատապարտված էր անկարող դառնալու մեր հարաբողբոջ կենսականության դեմ: Ու այս զգացումը կսավառներ բոլոր, ավերակներուն վրա. կարտացոլար նահատակներու մոխիրներեն, ուրվականային և մոլար երևույթներեն այրիներուն, կճաճանչեր որբերու աչքերուն մեջ, և անիկա կար մանկական հոգիներու անգիտակցության խորը. ինչպես կոտորված ու եղծված համայնքի մը մնացորդներուն հոգեբանության մեջ:

Ու ասիկա ցեղին վրեժն էր…:

Հաղթական մտածումս կսայթաքեր սակայն երբեմն իր ուղիղ ժայթքեն, կմոլորվեր մանրամասնություններու մեջ. սարսափն ու զարհուրանքը կպատեին զիս… մղձավանջային տեսիլներ կանցնեին արագ-արագ հիշողությանս մեջեն, ու խեղճ սիրտս կբաբախեր անկանոն ուժգնությամբ մը:

Սայլը կերթար մութին մեջ ու երկուքս ալ թեև արթուն՝ չէինք խոսեր իրարու հետ ու կհետևեինք մեր առանձին մտածումներուն: Գիշերը հետզհետե ավելի խոնավ՝ գրեթե կցրտանար, ու մենք կզողայինք մեր վերարկուներուն տակը…

- Աշխարհս սևնա՜ ու այլևս բան չտեսնա՜նք…

Կփախեի՜նք, կփախեի՜նք ու կզակս կկափկափեր. տե՞նդն էր