Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիմակ վերք չուներ, երկայն սպի մը կարծր գիծերով կգծվեր աջ դեմքին վրա. ողջ աչքը կապրեր սակայն արտակարգ եռանդով մը, ու անոր բոցեղ նայվածքը կկառչեր մեզի: Կառքեն իջանք, դեպի իրեն գացինք ու բարևեցինք.

- Կիրոս էմմի, մեզի չճանչցա՞ր:

Ծերունին խորամանկությամբ ժպտեցավ:

- Կիրոս էմմին, մեկ աչք ունի, բայց լավ աչք է, երկուքի տեղ կտեսնե:

Միջոց մը խոսեցանք իր այգիին մշակության և հուսացած հունձքերուն վրա:

Կիրոս էմմին կխոսեր ու կշարունակեր աշխատիլ, գործիքներ չկային, այլ, գրեթե մատներով հարկադրված էր հերկել:

- Ինծի համար չէ՛, - ըսավ, - տեսնենք մենք պիտի հասնինք եկող տարվան հունձքին ճաշակելու, բայց թոռներս կան… երբ առողջացա, գացի զիրենք առի որբանոցեն, մեկզմեկու պետքն ունինք, չէ՞:

Բահը ձգեց գետին ու ձեռքը ձեռքին մեջ զարկավ: Այս նշանին վրա 6-10 տարեկան 3 մանչեր և աղջիկ մը երևան եկան ծառերու ետևեն, կյանքը կխայտար իրենց ամեն մեկ նյարդներուն մեջ: Կարծես կանգիտանային իրենց վրայեն անցած սև փոթորիկը: Մեզ տեսնելով լրջացան և իրարու քով սեղմվեցան: Զիրենք չխրտչեցնելու համար՝ ձգեցինք զիրենք, մեկնեցանք:

Վերադարձին ուշ ատեն հեռեն տեսանք ծերունին, որ կաշխատեր տակավին:

- Բարի հաջողություն, Կիրոս էմմի,- պոռացինք: Հովը տարավ մեր ձայնը և ծերունին գլուխը բարձրացուց, ու ձեռք ըրավ:

Աոաջին անգամն ըլլալով կատարելապես ուրախ էինք այն իրիկունը, որովհետև երբ քաղաքը մտանք, մեզի թվեցավ, որ Ադանան, հսկայական գերեզման, համրորեն, տաժանելիորեն՝ բայց ապահովաբար հարություն կառներ իր աճյուններուն մեջեն:

Կ. Պոլիս, 1910թ.: