Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավերակները նվազ քստմնելի, նվազ տխուր կերևեին. որովհետև հայ բանտարկյալներու արձակումեն ետքը Կիպրոս, Եգիպտոս և այլ երկրներ ապաստանող փախստականներ դարձեր էին իրենց հայրենի հողին վրա:

Փողոցներու մեջ անցուդարձը կշատնար. ոմանք իրենց տան ավերակները սկսած էին քրքրել նոր շինություններուն համար. փոքրիկ խանութպաններ հրդեհված կրպակներու խանձած պատերուն վրա սկսած էին ապրանքներ կախել և վաճառել: Նոր հոգեր, նոր հաշիվներ, ապագայի նոր ծրագիրներ կզարթնեցնեին քաղաքացին իր դժբախտության թմրութենեն:

Այդ օրերուն էր, որ հարկ եղավ մեզի երթալ Ադանայի շրջակա այգիներեն մեկը՝ կարևոր գործով մը: Քաղաքեն անմիջապես դուրս՝ սկսավ շարքը հոծ բուսականությունով մը հովանավորված պարտեզներու և ընդարձակ այգիներու: Անոնցմե շատեր ավրված էին, արմատախիլ որթատունկեր կճզմվեին կառքին անիվներում ներքև. շքեղ դալարիներու խորերեն երբեմն կցցվեր ավերակ դարձած բնակության մը մեկ թևը: Բնությունը կարծես արտակարգ ջանքերով կձգտեր ծածկել ինչ որ մարդիկ քանդած էին ու ավրել հետքերը ոճիրին:

Միջոց մը՝ հեռվեն տեսանք գետնին հակած մարդ մը, որ հողին վրա կաշխատեր, երբ մեր կառքը մոտիկցավ, գլուխը բարձրացուց ու կռթնած իր բահին, աչքերովը հետևեցավ մեզի: Ծերունի մըն էր, որ կճանչնայինք, սարսափելու օրերու մեջ տեսեր էինք՝ հիվանդանոցին մեջ. արյունոտ վերք, տապարի հարված մը կտրած էր դեմքը, ու աջ այտին մասը, աջ աչքն ինչպես նաև ճակտեն կտոր մը անհետացեր էին: Վիրակապը կծածկեր իր ամբողջ դեմքը. միայն ռնգունքը և շրթունքը բաց կմնային շնչելու համար: Օրերով ու շաբաթներով խեղճ մարդը մնացեր էր կիսամեռ վիճակի մեջ՝ անտանելի ցավերու մատնված: Երբ վիրակապը կքակեին, կտեսնեինք մարդկային դեմքի փոխարեն արյունով շարավով լպրծուն մկանունքներ, որոնք բաբախուն էին ցավով: Ոչ մեկ հույս կար զինքը փրկելու, բայց ծերունին դիմացավ ու ապրեցավ. մեկ աչքը ողջ էր մնացեր. օրե օր վիրակապը պզտիկցավ, մարդը կրցավ տեսնել լույս աշխարհը, ու անկից ետք զգալի կերպով բարվոքում ունեցավ: