Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր: Վարը՝ երրորդներու վրաններեն երբեմն կլսվեին սրտագին հառաչանքներ, վերը շոգենավին լուսավորության ծառայող լապտերներու տժգույն ցոլքին մեջ կտեսնվեր երբեմն հայ կրոնավորի մը սև գտակը․ զինվորականներ խմբովին կպտտեին, ու երբ ինծի կմոտիկնային՝ կցկտուր բառեր կհասնեին ականջիս.

― Քանի Մերսինի կմոտիկնանք, սիրտ կայրի անբացատրելի ցավով մը:

Վարեն՝ ճամփորդի մը հառաչանքը կարծես կպատասխաներ այս խորհրդածության:

Երբ առանձնացա իմ խցիկիս մեջ, հետզհետե ավելի ուժգնությամբ վաղվան հայտնվելիք իրականության դողովը պաշարվեցա: Կարծես մինչև այն ատեն ինծի անծանոթ լույսով մը բոցավառված էր իմ ներքին էությունս, որ փոխանակ պայծառությամբ երևան բերելու և ձևակերպելու բոլոր մտածումներս, ընդհակառակը, միգապատ շփոթության մը մեջ կխառնակեր զանոնք, ու բոլոր այս տենդագին տրտմության մեջ մեկ պատկեր մը թեև պատառոտուն՝ բայց համառորեն կվերադառնար հիշողությանս:

Երկու ամիս առաջ, Կարմիր Խաչի ընկերուհիներ և ընկերներ կմեկնեին Կալաթաեն: Առաջինները…: Հարատև անձրև մը կուլար քաղաքին վրա: Ստամբուլը ծածկված էր գորշագույն և խոնավ մեգի մը մեջ և անսահմանելի տխրություն մը կարտաշնչվեր ամեն բանե. մեր ետևը քարափի սրճարաններեն տարփավետ և մելամաղձոտ երգեր կերկերաձայն կբարձրանային՝ ցավի ուժգին և հեծեծող աղաղակներու պես: Ամենքս ալ տժգույն էինք մեռելներու նման և իզուր կջանայինք ժպտիլ մեկնողներուն: Նավակը կբացվեր… մայր մը կար հոն, ճակատը կճերմկեր հետզհետե հեռավորության մեջ, ու մեր քով իր դեռատի աղջիկը ջղաձգորեն կժպտեր՝ ուզելով ծածկել իր մատղաշ հոգիին բոլոր չարչարանքը: Այդ դարչագույն մեգին մեջ ճերմկող և անհետացող մոր ճակատը, այդ քարափի սրճարաններեն դուրս խուժող հեծեծագին եղանակները, անձրևին մրմունջն անգութ և հեշտավետ ոստանին վրա, իրարու հետ խառնված այնպիսի զգացումով մը կվերացնեին հոգիս, որ գլխու պտույտ կպատճառեր ու ծունկներս կթոտեին: