Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերադարձին ամենքս ալ մտամփոփ և տրտում էինք, ու ես կտեսնեի կարմիր մղձավանջի մը մեջ հրդեհված քաղաքը, հեռավոր փախստականները, սգավոր և նախատված աղջիկները, ու կախաղաններ, կախաղաննե՜ր…

Ու ինչ-որ հեռավոր մղձավանջ մըն էր այն օրը, այսօր, քանի մը ժամ ետքը, իմ մթնոլորտս պիտի կազմեր…

Շոգենավը կկենար: Անմիջապես բարձրացա կամրջակին վրա: Կկարծեի, թե առաջինը պիտի ըլլամ, բոլորն ալ հոն էին սակայն: Հիվանդագին տժգնություն մը կար ամենուն դեմքերուն վրա ու քնատութենե մարած աչքեր կզգուշանային իրարու հանդիպելու: Զինվորականները խումբ մը կկազմեին մեկ կողմ ու երկա՜ր, վհատած աչքերով կնայեին Մերսինի վրա: Պատվիրակության կրոնավոր անդամներեն մեկը, իր սև թավիշե գտակին ներքև ճերմկած դեմքը կդարձներ Կիլիկիո, ու վշտագին ծամածռությունները կխորշոմեին զինքը:

Նույն միջոցին նավեր կփութային դեպի մեզ, զինվորականները կաճապարեին իջնալու. խուսափուկ նայվածքներով կանցնեին մեր դիմացեն ու տխրությամբ ու արագորեն կբարևեին, քայլերնին անհաստատ էր ու կարծես շվարած, սուրերուն ձայնը կքաշքշեր գետնին վրա: Այդ րոպեին դժվար էր որոշել որ իրե՛՞նք թե մենք ավելի դժբախտ կզգայինք ինքզինքնիս:

Մերսին մեր դիմացն էր: Տափարակ և կապտորակ հողի տարածությունը կհեռանար մինչև մշուշապատ լեռներու շղթան, արարչալույսին գույներու բազմազան երանգավորում մը կծածաներ հույլորեն այդ գեղջկական պարզության վրա: Անգամ մըն ալ աղետին մղձավանջը կհեռանար իմ մտքես և կուզեի ժպտիլ այդ արեգնավետ երկնքին…: Բայց ահավասիկ պատվիրակությանը պատրաստ կսպասեր, և նավերը կմոտիկնային. անձկալի ու մռայլ դեմքեր կնայեին մեզի, կորոնեին ու ամեն բան կմթներ իմ մեջս…: Կրոնականները, հանդիսավոր և ծանր երևույթով, կարծես հուղարկավորության մը կպատրաստվեին: Մեր ամենուս տժգնությունը կավելնար, սիրտս բռնված էր անսահման վշտի մը մեջ ու երակներս կսառեին կարծես:

Եկեր էին մեզի դիմավորելու անոնք, որ տեսած էին ամեն բան…