Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Մենք եկանք ու գացի՜նք… հոգ չէ՜… գոնե բանի մը պիտի ծառայի՞ մեր ցավը… ըսե՛ք… հույս կա՞… դուք Ստամբուլեն կուգաք, շատ բան գիտեք, ըսե՛ք, արձակություն պիտի ըլլա՞ մեր ազգին համար:

Մեր հուզված լռության առջև, շրթունքները կտժգունին. աչքերը կթարթեր անհամբեր ջղագրգռությամբ մը. հանդիսավոր մթնոլորտ մը կպարուրեր մեզ, անսահմանելի զգացում մը կբաբախեր մեր ամեն մեկին էության մեջ և իր բառերը, իր խոնարհ հերոսուհու ազնվական մտահոգությունը կկրկներ մեր ականջներուն:

- Արձակություն պիտի ըլլա՞ մեզի համար:

Մեր ընկերներեն մեկը ներշնչվեցավ.

- Արյունը պարապ տեղը չի թափիր, ու ձեր ամեն մեկ տառապանքի րոպեն բեղմնավոր պիտի ըլլա:

Ուրիշներ, ապաքինվածներ, հավաքված էին մեր շուրջը ու մտիկ կընեին… մայր ու աղջիկ նոր հաղորդած ջերմեռանդներու վերացող նայվածքներ ունեին… իրենց հոգեկան մաքրությունը հաղորդական կդառնար, մեր շուրջն ուրիշ կանացի ձայներ կմրմնջեին…

- Մեր ինչո՞ւն պետքը այլևս… մեր արևը սևցավ, կենդանի մեռելներու պես պիտի ըլլանք այս աշխարհիս վրա… մեր մայրենի հողը չպիտի ճանչնա մեզ… ու հաց չկա մեզի համար… ասկե ետքին նայինք, մնացողներն ի՞նչ պիտի ըլլան…

- Տառապանքին բաժակը լեցուն է ու զեղուն է այլևս… հուսացե՜ք ապագային վրա…

Ավելի նկուն, ավելի ցավատանջ քան այդ անդամահատված, վիրավորված կիները, սրտերնիս լեցուն անմխիթարելի դառնությունով՝ կպատեինք սրահին մեջ ու կզգանք շատ լավ, որ մեր քաղքենիի ամլացած հոգիները ողորմելիորեն աղքատ են բաղդատմամբ այն համառ, անկքելի ապրելու և տևելու տանջանքին, որ գրեթե միշտ, ու ամեն առիթի կգտնանք արկածյալ ժողովուրդին մեջ…: Պառավ մը մեզ կկեցնե մեր ճամփուն վրա… ինքն ալ հոգեր ունի, միօրինակ, միատեսակ հոգեր, ու կխոսի մեզի պարտականություն մը կատարողի անշահախնդիր և անակնկալու տխրությունով… իր խոսելու բոլոր տևողությանը մատներն օդին մեջ շարժում մը կընե, համաչափ շարժում մը: