Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

֊ Ի՞՛նչ կընես այդպես, մայրիկ:

- Կմանեմ, տղաք, կմանեմ…

Դեռատի օրիորդ մը, ապաքինված և բժշկված և որ մնացած է հիվանդանոցի մեջ օգնելու համար ծառայողներուն, մեզի կբացատրե.

- Պառավը սովորություն ուներ մանելու… մինչ տղաքն ու թոռները զբաղված էին հողագործությունով և աղջիկներն ու հարսները տան գործերը կբաժնեին, ինքը տանը դռան առաջքը տախտակին վրա ծալապատիկ նստած, խոշոր թթենու շուքին ներքև կմանե՜ր… ամբողջ օրը կանցներ այսպե՜ս… ժամերը կանցնեին, ու ինք սպասելով տղոցը և թոռներուն դաշտեն վերադարձին, կմանե՜ր, կմանե՜ր…

- Հիմա տղաքն ու թոռները չկան, տունն ավերակ է, թթենին տապալեցին, տախտ չունի, բամպակ չունի, բայց պառավը դարձյալ կմանե՜, պարապին մեջ կմանե՜…

Երկու վտիտ ձեռքերը կմագլցեին երևակայական թելի մը երկարության և ատենը մեկ մը ճապուկ և վարժ շարժումով իլիկը կդարձնե, հետո մեզի կնայե, իր պառավի խորշոմներուն մեջեն կժպտի ու կշարունակե մանել…

Ու կխորհիմ ակամա.

- Հիմա այլևս ի՞նչ բանի և ո՞րու սպասելու պատրանքն ունի:

Քիչ մը աջ, քիչ մը ձախ դանդաղելով կհասնինք վերջապես սենյակին խորը, ուր պզտիկ մահճակալներու մեջ մատղաշ տղաքներ ամիսներն ի վեր կտառապին: Դեռ իրենց մոտ չեկած, կլսենք մեկին կամ մյուսին հոգնած և տկարացած հծծյունը ուրիշ մը միօրինակ ձայնով կճչա: Գետինը՝ ծալլապատիկ նստած ցնցոտիի մը վրա, գրեթե կույր և դողդոջուն պառավ մը կխլրտի մեղմորեն, կյանքը շրթներուն վրա է կարծես, ու երբ խոսի, պիտի մեռնի… այնքա՛ն տկար, այնքա՛ն անզոր կերևա: Այլ սակայն այդ պառավն է, որ ազատված ո՞վ գիտե ի՛նչ եղերական կացություններե, եկած է հիվանդանոց և ձևով մը որդեգրած փոքրիկ վիրավորյալները:

- Այլևս ուժ չունի,-կարողություն չունի, - կըսե հյուպատոսուհին, շուքի պես բան մըն է, բայց անկարելի է զինքը հեռացնել փոքրերեն: Գիշեր թե ցերեկ կհսկե անոնց վրա. երբ կարենա ոտքի ելլել, գավազանին կռթնած կմոտենա ամեն մեկ մահճակալի ու ամեն մեկ տղու