Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեմքերնուն վրա. մազերնին խզխզված ու գլուխներնուն վրա փակած, գլուխներնուն ոջլոտած ու գոսացած և անսահմանելի արտահայտություն մը իրենց ջերմե վառված աչքերուն մեջ: Ցնցոտիներ հազիվ կծածկեին իրենց վտիտ մարմինները ու պատառատուն քուրջերուն մեջեն բարակ ձողիկները բազուկներուն, միշտ կզարմացնեն անակնկալի մը պես: Ի՞նչպես կապրին, ի՞նչպես ապրեր են մինչև այդ օրը. կյանքն ի՞նչ գերազանց արյունով մը կառչեր է այդ տխեղծ էակներուն: Ու իրենց տժգույն ու ճաթռտած շրթունքները, որոնք կպրկվին ակռաներուն վրա ցավատանջ գալարումով մը, լուռ կմնան ու չեն պատմեր մեզի այն դժոխային խռովքը, որով ալեկոծված ըլլալու են իրենց մանկական հոգիները…

Ի՜նչ պատկեր… ի՜նչ մղձավանջ… աչքերը միայն, թշվառութենե զարհուրած աչքեր, ահավոր ժամեր տեսած աչքեր, սև, տենդագին, խենթի և անոթիի աչքեր, կնային մեզի, կսևեռին մեզի անխոնջ և համառ հրայրքով. տակավ առ տակավ կզգանք, որ մեր հոգիներուն մեջ կթափանցի հիմարական տագնապն իրենց չարչարանքներուն…:

Երբ մեր աչքերը կխոնավնան իրենց նայած ատեննիս, երբ մեր ձեռքերը կդողդոջեն իրենց դպած ատեննիս, դեմքերը կծամածռին ու վտիտ այտերու վրա չորցած մկանունքները կթուլնան. աչքերը, սև, անթափանց աչքերը որբերուն՝ կզարմանան կարծես… Ոչ ոք լացեր է, ոչ ոք գթացեր է իրենց վրա. արկածյալներուն ամեն մեկը, իր հատուկ ցավովը տանջվեր ու առանձնացեր է իր տառապանքին մեծության մեջ…: Քշված, քշքշված, մեյ մը ասդին, մեյ մը անդին, բախտին ու դիպվածին քմահաճույքներեն վտարված, անոնք, որ սիրված ու փայփայված էին օր մը առաջ, անոնք, այդ որբերը, որ ճանչցեր էին մոր մը կուրծքին ջերմությունը, մենակ, անհոգ ու անոթի մնացեր էին օրերով: Ու հիմակ իրենց աչքերը կզարմանային մեր զգացումներեն ու բարեբեր ու ազնիվ հուզմունքը կդրդեր իրենց քարացած հոգիները:

Արձանագրությունները միշտ կշարունակեին ու կարծես չպիտի սպառեր որբերու թիվը: Հետզհետե մայրեր կհասնեին բեռնավորված բազմաթիվ տղաքներով: Եթե աոաջին օրերու սարսափին