Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա: Մեր սիրտերը միայն սև էին, ու մենք չէինք կրնար հաղորդակից ըլլալ մեր շուրջի գեղեցկության, ինչպես եթե կույր դարձած ըլլայինք: Արդեն, անմիջապես, դեռ վրանները չհասած, հատկանշական հոտ մը դիակի, այրածի, հիվանդություններու, թշվառության, խառն և անորակելի հոտ մը, դիմավորեց մեզ: Հասկցանք, որ արկածյալներու մթնոլորտին մեջ էինք:

Այրած տուները մեր ետևը կմնային, բայց մեր ոտքի տակի հողը թրծված էր արյունով: Երկու կողմեն ընդարձակ և տափարակ արտեր կտարածվեին մինչև հեռավոր սահմանները Տավրոսի լեռներուն: Պատմեցին, որ դեպքեն քանի մը օր ետքը նեխությունն այնպիսի աստիճանի հասած էր, որ ստիպված էին վերցնելու դիակները, որոնք ծածկված էին այդ ընդարձակ հունձքերուն մեջ: Ու այն հացը, որ հետո այրիներուն ու որբերուն տվին իբրև ողորմություն, այդ արյունով ոռոգված ցորենեն շինված էր:

Քիչ հեռուն ահավասիկ վրանները: Դեռ շվարուն, աչքերնին ցավոտ, գլուխնին գոսացած, դեմքերնին թարախով, արցունքով ու քրտինքով լպրծուն, մարդկային արարածներ կսողան վրաններեն դուրս: Մեր ազդարարության վրա` մունետիկին սուր ձայնը կհրավիրե բոլոր անոնք, որ որբեր ունին արձանագրելիք: Ու ցավագին, տաժանելի տողանցումը կսկսի: Թշվառութենե սպառած տղաքը կխուժեն դեպի մեզ և անձկագին աչքերով կսպասեն իրենց ընդունելուն: Կյանքն այնքան տաժանելի դարձած է այդ փոքրերուն համար, որ հոգ չունին, թե իրենց ողջ մնացած սիրելիներեն պիտի բաժնվին: Ու մեր հարցումներուն կաճապարեն պատասխանել, ընդառաջ կէրթան մեր դիտողություններուն, կճգնին զանոնք ջրել: Ու երբ կհաջողին ընդունվիլ, երբ կտեսնեն, որ լիացուցած են օրինական պայմանները, այսինքն որբ են հորմե և մորմե և կամ մայրերնին կույր, խեղանդամ ու անկարող են աշխատելու, երբ կգտնվին ամենեն դժբախտներեն ավելի դժբախտներու մեջ, գոհունակության ժպիտ մը կուրվագծվի իրենց դեմքերուն վրա, և մեկ կողմ կանցնին, գրեթե ուրախությամբ, ընդունողներուն մեջ:

Ի՜նչ պատկեր, ի՜նչ մղձավանջ այդ ընտրվածնե՛րը: Անոթությունը հյուծած ու մաշած է զիրենք. կեղտը կերած է իրենց մկանունքը