հրդեհե, սուրե փախած էին ոմանք, իրենց աչքերուն մեջ բոցերուն ելևէջը կպարեր, ու հիշատակներու դառնությունը շփոթ արագություն մը կուտար իրենց խոսքերուն…: Այդ քանի մը վայրկյանին մեջ շատ բան պատմեցին ու շատ բան ըսին մեզի, ու հակառակ մեր անսահման հուսահատության՝ մեր խոսքերն անիմաստ լավատեսությամբ մը լեցուն կթվեին իրենց: Գլուխնին կշարժեին ու կըսեին.
- Ինչպես հայտնի է, որ դեռ շոգենավին վրա կգտնվիք:
Երբ Մերսին ոտք դրինք, տպավորությունս շատ որոշ էր: Կարծես մեռելի մը տան սեմեն ներս կմտնեինք, մարդիկ մեզ կընդունեին լռին տխրությունով մը. ձեռքերնիս կսեղմեին ու կանցնեին, ու դեռ ո՞վ գիտե ի՞նչ մը կար օտարոտի մեր վրա, որ հաղորդակցության չէին մտնար ու ամրապնդված իրենց վշտին մեջ՝ մեկ կողմ կկենային ու կնայեին մեզի արցունքոտ աչքերով:
Պանդոկը, ուր իջևանեցանք, լեցուն էր ամեն աստիճանե փախստականներով. հոն գտանք նաև Վեհափառը, որուն ներկայացանք անմիջապես: Ամբողջ օրը կարծես մղձավանջային երազի մը մեջեն տեսա անցուդարձը սևազգեստ կիներու - աոաջին զոհերեն մեկուն ընտանիքի անդամները - ու լաց ու կոծն արկածյալներու, որբերու և այրիներու, որոնց վիշտը կհրահրվեր մեր երևույթեն:
Հետևյալ օրը պիտի մեկնեինք Ադանա՜… պիտի ըլայինք ավերակներու մեջ. խելահեղորեն կմտածեի այդ բանին ու այն գիշերն ալ անքուն ու սրտատրոփ հսկեցի վշտիս վրա:
Հիշերը զով էր, ծովին լայն տարածութենեն խոնավությունը կբարձրանար, կսավառներ քնած քաղաքին վրա: Ալիքներուն մռնչյունը կօրորեր իմ մտահոգությունս, մինչ անընդհատ, ամրաքայլ ուղտերու քարավաններ կանցնեին ճամփուն վրայեն՝ իրենց ելևէջող շարժումները նշանակելով բոժոժներու հնչյուններով։