Էջ:Among the Ruins.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գերեզմանը բա՛ց, քովիկը թաղե»: Երբ կինը հողակույտը բացավ, որդերը կես մը կերել էին առաջնեկի դիակը. երկար ատեն նայեցավ սևցած, անճանաչ մնացորդներուն… բան մը չէր լսեր, բանե մը չէր վախենար… ատենը մեյ մը ուրիշ կիներ կուգային թևին կզարնեին, զինքը կդրդեին. «Հայտե՛, ի՞նչ կնայիս, շուտ ըրե՛, լմնցուր»: Մայրը՝ արձանի պես անզգա՝ չէր պատասխաներ ու կնայեր, կնայեր… իրիկվան դեմ միայն, մեռել ու գերեզման ձգած գայլի պես ոռնալով փախավ ու գնաց: Երկար ատեն հեռուներեն լսեցինք իր ողբը… գիշերն ո՞ւր մնացեր էր, ո՞ր փոսին մեջ ինկեր, չեմ գիտեր… մինչև լուսնալուն, քանի արթնցանք, լսեցինք իր ձայնը ու հետո ամեն բան մարեցավ:

Գլխունուս զարնված ու թախիծով լեցուն՝ կդառնանք մեծ ճամփուն վրա, ուր մեր որբերը մեզ կսպասեն: Երիտասարդը գրգռված էր իր պատմություններեն, տենդով կխոսի ու ալ չի կենար: Ի՜նչ անպատմելի մանրամասնություններ կան իր ականատես մարդու հիշողության մեջ, ի՜նչ դրվագներ…: Անօրինակ արագությամբ մը կապրինք այդ սև ու դժխեմ ժամերը, ու բոլոր այդ հապճեպով թաղված մանկության սուգը սև ամպի մը պես կմարե մեր մեջ ամեն կենսական տրամադրություն:

- Ես ա՛լ թաղած եմ տղա դիակ մը,-կշարունակե երիտասարդը…- գինքը մոռցեր էին ո՞վ գիտե ինչպե՛ս և ինչու՛: Վրանները վերցեր էին այս դաշտին վրայեն և արդեն օրեր անցեր, երբ երկու ընկերոջ հետ կանցնեինք այս տեղերեն: Սուր և համառ գարշահոտություն մը մեր ուշադրությունը արթնցուց. չթաղված մեռել կա, մտածեցինք երեքս մեկ ու փնտրեցինք, մարմարյա կոնքի մը մեջ՝ որ ժամանակավոր աշխատությունից դարձող ձիերու ջուր տալու կծառայեր՝ գտանք զայն, գրեթե բան չէր մնացել, գանգ մը և չորս ոսկորի կտորներ, թևերը և սրունքները, մեջտեղը ցնցոտիներ: Ուզեցինք ամենքը մեկ վերցնել, բայց որ կտորին որ կպանք, ձեռքերնիս մնաց, փոս մը փորեցինք ու մաս առ մաս տարինք թաղեցինք տղուն ոսկորները… բայց երբ ցնցոտիները վերցնել պետք եղա՜վ… այ… ա՜յ… մատներնուս վար սողաց: Մեզմե մեկն ըսավ. «փորոտիքներն են»: Փոսը ծածկեցինք ու երեքս