Էջ:Among the Ruins.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շուրջը կեցած մնացինք: Շատ արցունք թափեր էինք, շատ լացեր էինք մինչև այն ատեն, բայց այդ օրվան արցունքն ավելի աղի է՜ր… օ՜ֆ… ավելի աղի էր: Խաչ հանեցինք, «Հայր մեր» մը ըսինք մատղաշ նահատակին վրա ու, ետևնիս չնայելով, աճապարեցինք ու հեռացանք:

Արևը շլացուցիչ փայլով մը կշողշողա անամպ և կապույտ երկնքին վրա… բզեզներ ոսկեզօծ թևերով ու արագորեն կդառնան, կարծես աննշմարելի կեդրոնի մը շուրջ…: Օդը կենսավետ ջերմությունով առլի, կընդլայնե մեր կուրծքերը. ու, հակառակ հեղձուցիչ տաքին, կզգանք, որ մեր երակներն ավելի հարուստ, ավելի առույգ արյունով մը կբաբախեն: Ու կխորհիմ դառնորեն այդ վաղահաս մեռյալներուն, այդ խեղճ տղեկներուն վրա, որոնք այնքան իրավունք ունեին դեռ այս արևեն, այս օդեն, և որոնց ապրելու տենչանքը հզոր էր իրենց թխորակ գլուխներուն վերև պայծառացող վեհանձն արեգակին ընծայած կենսականության համեմատությամբ:Ո°ւր են հիմա իրենց ժպիտները, իրենց աչքերուն եռանդը, ո՞ւր են իրենց մանկական ուրախությունները, ակնկալությունները, փափագները…

Ու բոլոր այդ լույսի, հուրքի, ժպիտի, նորոբողբոջ վանկերու փոխարեն ահավասիկ մեր դիմացը կտարածվի սև դաշտ մը անհամար հողակույտերով բեռնավորված, գարշահոտություն, զազիր ճանճեր և ոսկորի քանի մը կտորներ:

Որբերը տեղավորելե ետքը նախապես իրենց համար պատրաստված տեղերը, ուշ ատեն, պատրաստած և հուզմունքե ջլատված, հասանք առաջնորդարան: Եկեղեցիին բակը պարապ էր և վերջալուսային անդորրություն մը կծածաներ մեր շուրջը, բայց մեր օրը դեռ չէր վերջացած, որվհետև ըսին, որ կին մը կսպասեր մեզի:

-Որբեր ունի թերևս արձանագրելիք, - ըսավ ընկեր մը:

Ո՛չ սակայն, որբեր չուներ արձանագրելիք այս մեկը… շատ երիտասարդ էր ու դժվար էր հավատալ իր մայրությանը. աչքերը մոլորուն, դեմքը ծամածռած ու քարացած անբացատրելի գալարումներու մեջ, լեզուն ծանրացած լորձունքոտ շրթներուն վրա՝ անիկա ըրավ իր անհավատալի պատմությունը…