ՆՊԱՍՏԻ ՕՐ ՄԸ
- Սև տվեք մեզի, սգի մեջ ենք… գրեցեք Ստամբուլ, որ սև ղրկեն մեզի… ըսեք իրենց, որ ամեն սրտե արյուն կերթա… թե մեզ չի վայելե իրենց ուրախության և հանգստի օրերու մեջ շինած հագուստները, սև՜ պետք է մեզի, մենք մրոտած ենք սգո՜վ… միմիայն սև՜, գրեցեք Ստամբո՜ւլ:
Ու սրտաբեկ այրին, աչքերը ցավոտ ու ճակատը կնճռոտած` կնայեր գույնզգույն հագուստներու դեզին:
Կարոտությունը մեծ էր. փոքրիկ տղաքը, իր որբերը, գրեթե մերկ էին պատառատուն ցնցոտիներու մեջ. իր իսկ հագուստները ոչ գույն ունեին այլևս, ո՛չ ձև. երկար, աղոտ, դրգլյակներե կազմված շերտեր, երկայնքին պատռված` կծածկեին իր կաթով լեցուն կուրծքը, որբերեն մեկը ծիծեն կախված էր:
Մենք, ջլատված իր խոսքերեն, ձեռքերնիս անգործ` կնայեինք իր սրտմտած դեմքին:
- Տուն չկա՜, ընտանիք չկա՜, որ քանի մը կտրիճներու սուգը չունենա. ինծի ի՞նչ պետք են երջանկության օրերու հագուստները… ա՜խ, գոնե զավակս ազատվեր…
Ու երեսն ի վար արցունքները կիջնային: Հետո սկսավ հեկեկալ ու ձայնը կցկտուր դարձավ.
֊ Իմ էրիկս, ամենեն գեղեցիկը, ամենեն կտրիճն էր… անոր համար սպաննեցին զինքը. զավակս վարդի կնմաներ… երեսը նայողը մեյ մըն ալ նայիմ կըսեր… աչքիս առաջքն արյունը թափեցին ու դրացի թուրք կիներ եկած կխնդային իմ վրաս… ափերնին բռունցքներուն զարնելով` ճիսպեթ կընեին. քանի կուլայի` այնքան բարձր կծիծաղեի՜ն…:
Հանկարծ կդադրի հեկեկալն, դեմքը կանշարժանա արձանի պես ու աչքերը կվառեին դեռ թաց թարթիչներուն մեջեն անմխիթարելի վշտով ու զայրույթով: Իր արցունքներն ու հեկեկանքները մեզի տաժանելի են, իր տժգույն դեմքին անշարժությունն ու աչքերուն տենդը սարսափ կազդեն, կուզենք զինքն իր ցավագին հիշատակներեն հեռացնել, կխոսինք իրեն` իր ողջ մնացած զավակներուն վրա, կջանանք