Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հույս ներշնչելու ապրելու եռանդ՝ իր վշտացած սրտին… Բայց անիկա գլուխը կշարժե, կմերժե մեր մխիթարանքն ու իբր ամբողջ պատասխան՝ անգամ մըն ալ նայելով իրեն տրված հագուստներու դեզին, չորցած շրթունքներովը կկրկնե.

- Սև՛ թող ղրկեն մեզի՜, գրեցե՛ք Ստամբուլ:

Առավոտուն կանուխեն, գրեթե արշալույսին ամբոխը լցված էր եկեղեցու բակը, ու մենք, երբ աչքերնիս բացինք, կլսեինք իրենց խուլ աղմուկը, անսահմանելի աղմո՜ւկ, նման փոթորկված ծովի հեռավոր շշուկին…: Հիմա նույն ամբոխը մեզի կշրջապատե, երբեմն սպառնագին կբարձրանա մինչև Առաջնորդարանի սանդուղներեն վեր, երբեմն կգոռար ու երբեմն կհեծեծեր: Օրերե, ամիսներե ի վեր այնքան զրկված ապրել էին, պահանջքն այնքան ստիպողական և մեծ եղած էր, որ՝ իրենց փութկոտության մեջ տենդագին շվարում մը կար. երբեմն առաջ անցնելու տենչանքով զիրար կկոխոտեին, տղաք կճչեին ու սրտագին աղաղակներ մեզի կցնցեին ցավագնորեն:

Կարգապահություն պահել անկարելի էր, մենք հուսահատած էինք, ամբոխին մեկ տասներորդն իսկ գոհացնելու իրեղեն չունեինք ու ստիպված էինք մնացածին թևեր ու փուսուլաներ տալ, որպեսզի առաջիկա անգամներուն, երբ խոստացված ու հուսացված զգեստները գային, իրենց բաժինը ստանային: Բայց թե ինչպես ընտրել անոնք, որ այսօր պիտի առնեին զգեստները… ի՞նչ դասավորում կատարել, ի՞նչ հիման վրա ընդունել մեկը և մերժել մյուսը, կամ պարզապես հետաձգել իրենց դիմումը: Հուսահատած ու շվարած էինք ու քանի՛ ամբոխն իր պահանջքը կհայտներ՝ այդ սարսափելի և խուլ աղմուկով, մենք տժգունած ու խորապես հուզված, իրարու երես կնայեինք:

- Պետք է ամենեն դժբախտները, ամենեն շատ վշտացածները, պետք է ծերերը, կույրերը, հիվանդներն ընտրել… կամ բազմաթիվ տղաք ունեցողները, ըսավ մեզմե մեկը…

Բայց ամենքն ալ նույն աստիճանով դժբախտ ու կարոտ էին ու որքան որ հավատացած էինք այդ ընտրության ձևին անբավականության վրա՝ մտանք ամբոխին մեջ նախ կույրերը փնտրելու: Աղտեղության ու քրտինքի բարկ հոտը մթնոլորտն անշնչելի կդարձներ.