Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բազմությունն այնքան հոծ էր, որ գրեթե իրարու հպած էին ու մենք քանիցս կորսվեցանք իրենց խիտ շարքերուն մեջ: Երբ ձեռքս կդնեի իրենց մարմնին, ճամփա բանալու համար, կասկածելի խոնավություն մը զիս կկասեցներ. բայց անմիջապես շուրջի ահավոր թշվառությունը քաջություն ու սիրտ կուտար մեզի ու մենք ավելի խոր կթափանցեինք ամբոխին մեջ:

Պետք է ընտրել կույրերը, անոնք, որ անտեր ու նույնիսկ զրկված գավազանե՝ կդեդևեին իրենց անհաստատ սրունքներուն վրա ու տարվա՜ծ ամբոխի շարժումներեն՝ մեկ մը ասդին կնետվեին, մեկ մը անդին.…: Բազմությունը կազմված էր մեծ մասամբ կիներե. այրերու բացակայությունն աչքի կզարներ, բայց կայթերու մեջ կային նաև ծերունի այրեր ու իրենց երևույթն ահավոր էր:

Մեկիկ-մեկիկ ձեոքերնուն բռնած՝ առաջնորդեցինք զիրենք. ճամփուն վրա ամբոխը զայրույթեն կմռնչեր. ոմանք կհայհոյեին, ուրիշները կսպառնային. յուրաքանչյուր ոք տարված էր իր անհատական դժբախտության մեծությունից՝ կփափագեր, որ միմիայն իրմով զբաղվեինք. կին մը մեր աչքերուն առաջքը հուսահատությունից ցնցոտիները կպատռեր, մազերը կփետեր ու իր բոլոր ցավը կաղաղակեր այնպիսի ձայնով մը՝ որուն պատռտող շեշտեն կցնցվեին ամենքը, ու պահ մը լռած ամբոխին վրայեն սարսուռ մը կանցներ:

Ուրիշները կկառչեին մեզի, բռնի կկեցնեին, կաղերսեին, իրենց արցունքով կթրջեին մեր ձեռքերը. հակառակ մեր բացատրություններուն՝ չէին համոզվեր, չէին ուզեր սպասել ու մեր անկարողությունը կտանջեր մեզի:

Դարձյալ միջոց մըն ամբոխեն հեռանալով այն սրահին մեջ՝ ուր հագուստները շարված էին, զբաղեցանք բաժնելու: Կույրերը մեկը մյուսին ետևեն կառաջանային. իրենց թխացած ու տժգույն դեմքին վրա լույսե զրկված ու մեռած աչքերը կսևեռեին մեր ուղղության, անոնք կհետևեին մեր ձայնին ու անձկությամբ կսպասեին մեր հրավերին. առհասարակ լուռ էին. շատ չէին խոսեր անոնք, իրենց մեջ ամփոփված՝ ոմանք նույնիսկ կարծես դեռ չէին հասկցած պատահածը: Երկու օր առաջ տեսեր էին պառավ մը՝ որ անընդհատ հանդիպողին կհարցներ թե ի°նչ եղավ, ոչ ոք բացատրեր էր իրականությունն իր