թե այլևս մեկը չունեին, կհիշեցներ իրենց բոլոր անոնք, որ անդարձ կորսված էին ու մենք, հանցավորի պես, չէինք գիտեր ինչպե՞ս ամոքել զիրենք:
Երբեմն, խնայելու համար, փոխանակ հարցնելու թե «քանի՞ հոգի եք», կդնեինք դեզ մը հագուստ ու կըսեինք.
֊Այսչափը կբավե՞:
- Ինչո՞ւ չպիտի բավե. ո՞վ է մնացել. զավակներս զարկին, քույրս այրվեցավ, մարդս մորթեցին… իմ չոր գլուխս է մնացեր, ինչո՞ւ չպիտի բավե, ա՜խ…
Ու անխուսափելի կերպով հետևանքը նույնը կըլլար. դարձյալ լաց, դարձյալ հեծկլտանք: Ուրիշներ ձեռքերնուս կքաշեին գեղեցիկ հագուստ մը, մեկ կողմ կնետեին ու կբողոքեին.
-Կռնակս առանց շապիկի է մնացեր, հոգերդ առնեմ, բան մը տվեք ծածկվիմ, ու կբավե, սգավոր գլխիս գեղեցիկ հագուստն է պակաս:
Կույրերու շարքը կանցներ մեր առջևեն. կային, որ վիրավորված արտևանունքներ ունեին և երբ լային՝ սարսափելի էր. արցունքի հետ արյուն կհոսեր այտերնուն վրա. ծայրահեղ զգուշություններ կընեինք՝ իրենց ցավը չգրգռելու, իրենց զգայնությունները չարթնցնելու համար, բայց զուր էր… չեմ գիտեր ինչպե՞ս առանց մեզի տեսնելու և դեռ առանց մեր ձայնը լսելու կզգային, թե տրամադիր ենք խղճալու իրենց վրա, թե մեր մեջ կապ մը կա, որով անմիջապես հաղորդակցության մեջ կըլլանք իրենց հոգեկան վիճակին հետ:
- Ցավերդ առնեմ, քո՜ւյրս, քեզի չըսենք, որո՞ւ ըսենք. ո՞վ մեր տարտը կհասկնա. օտարին սիրտը քարի պես կարծր է. մեկ ձեռքով կտան, մյուս ձեռքով կզարնեն:
Ու մեկ հոգի մը կարող էր ամբողջ աշխարհ մը թշվառություն ներկայացնել, միայն իր պատմությունն ընելով:
Դուրսը միշտ ամբոխը կմռնչեր…: Քանի՜ սպասման ժամերը կանցնեին, այնքան անհամբերությունը կմեծնար… երբեմն մեկը, ավելի ճարպիկ, կամ մտրակվա՜ծ պահանջքին ստիպողականությունից՝ արգելքներուն չանսալով ու ամբոխը ճեղքելով կհասներ մինչև մեզի. ընդհանրապես մայրերն այս կերպով կուգային մեզ մոտ: