Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպիսով է, որ հանկարծ դուռը բացվեցավ կռնակին վրա ու խելահեղ կին մը նետվեցավ ներս. կույրերն ահաբեկ, խարխափելով իրարու զարնվեցան և ուրիշներ բնազդով ճամփա տվին:

Երիտասարդ կին մըն էր. բավական շնորհքով կկրեր իր լայն շալվարը ու բազմաթիվ ծամեր կկախվեին կռնակն ի վար. գլուխը ծածկած էր ճերմակ քողով, որուն ծայրը կծածկեր նաև իր կզակը:

- Ալ դիմանալու աստիճանն անցեր է ինծի համար… գինովի ու խենթի պես եմ… խղճացե՛ք ինծի:

Անհավատալի նիհարությամբ բոլորովին մերկ տղա մը, գրեթե վիժած մըն էր մեզ ներկայացվածը. կարծես միայն գանգը մեծցեր էր ու աչքերուն մեջեն միայն կարելի էր եզրակացնել, թե ճշմարտապես վիժած մը չէ:

- Քանի՞ ամսու է այս տղան:

- Վեց ամսու,֊պատասխանեց մայրը…

Մանկիկն իր հիվանդ տղու սրտմտած ու տխուր աչքերովը կնայեր մեզի. երբեմն լույսեն շլացած՝ կքթթեր անոնք ու իր կապկային դիմագծերը կծամածռեր. ամբողջ մարմինը մնացել էր այնպես, ինչպես էր ծնած օրը, թերևս ավելի նվազել էր. փորը գոգավոր ու պարապ կթվեր. ու թևերը՝ ինչպես սրունքները՝ բարակ ձողերու պես նիհար էին:

Կինն իր անհաջող մայրության մեջ վիրավորված, կարտասվեր ու հաճախակի կկրկներ.

- Հինգ զավկի մայր եմ, ոչ մեկն ասանկ չէ եղած:

Շատ անգամ տեսեր էինք այս երևույթով տղաքներ՝ մայրերու գիրկը. բոլոր նորածինները դեպքին և հաջորդող օրերուն մեջ, շարունակական թշվառության ենթարկված՝ վերածված էին հրեշներու. մեռնողներու թիվը շատ մեծ էր, բայց անոնք, որ դեռ կուշանային մեռնելու՝ կներկայացնեին նույն պատկերը:

- Մեր ցավը մեկ տեսակ չէ՛, մե՛ր տարտը մեկ տեսակ չէ,֊կկրկներ միօրինակ և երգող ձայնով մը դժբախտ մայրը, կարծես արձագանք դառնալով մեր մտածումներուն:

Երբ զինքը գոհացնելե ետքը՝ մեր կույրերուն դարձանք, ամբոխը հասած էր արդեն մինչև մեր սենյակին դուռը: