Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Ավելի բախտավո՜ր… այո… ավելի բախտավոր… ինչպե՞ս ալ ճարտար եք մեր սրտին կրակը հասկնալու… անոր զավակը հողին վրա մնացեր է… իմիններս հողին մեջն են արդեն… ու ես ավելի բախտավո՞ր եմ…:

Ու հիմարացած իր վիրավորված մայրության զգացումին մեջ, ութը սպանված և մեռած տղաքներուն մայրը կշարունակեր ջղաձգորեն գալարվիլ իմ անկարողությանս դիմաց…:

Շատ տեսակ դժբախտ մայրեր տեսեր էի… մայրեր՝ որոնք բանվորական տաժանելի աշխատություններեն հյուծված մարմիններով հաջորդաբար վիժած ու հրեշներ միայն ծնած էին. տեսեր էի մայրեր ու չքավորութենե ցամքած կուրծքերով չէին կարոդացած իրենց անարյուն զավակները սնուցանել. տեսեր էի այնպիսիներ, որ անդարմանելի ախտերով վարակված՝ թարախ և ժանտ միայն ունեին կաթի տեղ, ու տեսեր էի նաև մայրեր, որ ընկերային ու տնտեսական բարդութեններե հիմարացած՝ ոճրագործ դարձել ու սպանել էին իրենց նորածինները… բայց այդ երկու մայրերը կարելի չէր դասավորել որևէ մարդկային դժբախտության կարգի մեջ… ասոնք հայաստանցի Մայրեր էին…

Ընդհանրապես նպաստ խնդրող ժողովուրդին մեջ քիչ թիվ կկազմեին ադանացիները. բայց շրջակա գյուղերու այրիներուն թշվառությունն աննկարագրելի էր: Կհիշեմ.

- Քանի՞ հոգի եք:

Ինճիրլիցիներու ողորմելի մնացորդները, Կյավուր գյուղի հազվադեպ փախստականները, Գայըրլըի ահավոր դեպքերեն սահմռկած մեկ քանի այրիները, Միսիսի կիները, որոնց պարագլուխը բարձրահասակ և կորովի այրի մը, զայրագին շեշտերով մեր դեմ կդներ իրենց բազմաթիվ պահանջքները:

Հետևյալ նպաստի բաշխումին մտադիր էինք գոհացում տալ որքան կարելի է շրջակա գյուղացիներուն, որոնց ստվար մեծամասնությունը կիներ էին. ավելի դժբախտ, քան ադանացի արկածյալները՝ անտեր և անծանոթ տեղի վրա, իրենց հուսահատական թշվառության մեջ կհյուծվեին. կիներուն ցնցոտիները գրեթե անկարող կդառնային իրենց մերկությունը ծածկելու և անհրաժեշտ էր անմիջական կարգադրություն ընել: