Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են վրա՜ն… վո՜ւյ… վո՜ւյ… վո՜ւյ…:

Ականջներս գոցեցի, որ այլևս չլսեմ ու առանց իր աչքերուն նայելու, իր մորը աչքերուն, որ այդպիսի զարհուրելի բաներու վրա կնայեր ամեն օր՝ վերմակը տվի իրեն…:

Ակնթարթի մը մեջ աներևութացած էր:

Երկար մնացի մյուս կնոջը հետ՝ որ կհամառեր ու կարտասվեր. գլուխս երկու ձեռքերուս մեջ առած կխորհեի տարտամ և սարսափելի բաներու վրա ու ավելի ճիշտը մղձավանջի մը մեջ կապրեի…: Հիմա անհամբեր կսպասեի ընկերուհուս՝ որևէ կերպով գոհացնելու համար մյուս կինը, որ արկածյալներու հատուկ երկարատև համբերությամբ կսպասեր մոտս՝ թեև առանց որևէ հույսի:


Հաղթանդամ խոշոր կին մըն էր, հարուստ կուրծքերով, աչքերը ցավոտ ու կոպերն արյունոտ. տաժանելի էր իր արտասվիլը տեսնելը. երբ արցունքը կդադրեր առատորեն հոսելե' իր հուզմունքի տևողությանն ամեն մեկ ճիգին արյան կաթիլներ կբողբոջեին թափված թարթիչներու արմատներեն. խղճի խայթ ունեի՝ առանց զինքը լսելու վերմակը մյուս կնոջը տված ըլլալուս համար, բայց արդյոք աշխարհիս որևէ մեկ կողմն ավելի դժբախտ պատմություն կարելի՞ էր. ինքզինքիս առաջ արդարանալու համար՝ հարցուցի իրեն.

- Դուն զավակ ունի՞ս:

Միջոց մը լուռ մնացի. իր արյունոտ ու արցունքոտ աչքերուն մեջ վայրագ ճաճանչ մը փայլատակեց, խստությամբ ու արհամարհանքով նայեցավ ինծի…

- Ութը զավակ ծներ, սնուցեր ու մեծցուցեր եմ, ութը մանչ զավակ…:

- Հիվանդ մանկիկ ունի՞ս դուն ալ մյուսին պես:

Գլուխը ցնցեց ուժգնությամբ:

- Առյուծի պես առողջ էին,-ըսավ:

- Է՜հ, կտեսնե՞ս,֊ըսի քաջալերված, դուն անկեց ավելի բախտավոր ես… տասը տարու հիվանդ տղան հողին վրա մնացեր է…:

Խոսքս չկրցա շարունակել:

Հիմարական, չարագուշակ, անօրինակ քրքիջ մը խափանեց խոսքերս: