Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերգեր, ո՜վ գիտե, որ անհետացող սիրելիին համար. և որովհետև բան մը չէր տեսներ. երգը միայն այն ատեն կդադրեր, երբ սևավոր կնոջ ճիչերը կբարձրնային:

- Ձայնը դեռ ականջիս մեջ է՜… ամա՜ն…:

Լացող կինը սպառած իր դժնդակ վերհիշումներեն, գետին նստեցավ և միջոց մը չկրցավ ոչ խոսիլ, ոչ լալ. երկու ձեռքերը ծունկներուն կզարներ ու ինչպես եթե շնչասպառ ըլլար, գլուխը դեպի ետև կիյնար, վիզը կձգտեր ու խռպոտ ձայնով կաղաղակեր.

- Ամա՜ն… ամա՜ն… Անկարելի է երևակայել, թե մարդկային դժբախտությունն ի՞նչ սահմաններու կրնայ հասնիլ: Երբ իր սև, արցունքով լեցուն, ցավագին աչքերը դեպի մեզ դարձան, գլխապտույտ պատճառող հուզմունքով մը խռոված զգացինք ինքզինքնիս: Մեր ընկերներեն մեկը գնաց զինքն առաջնորդարանի սենյակը բերելու. ու մինչ անիկա ձեռքեն բռնած կքալեցներ, սգավոր կինը տղու պես կդեդևեր ամեն մեկ քայլին:

- Ամա՜ն… ամա՜ն… Երկար ատեն ուրիշ բան չլսեցինք. ամեն անգամ, որ կփորձեր խոսիլ, ձայնը կմարեր, հեծկլտանքներեն շնչահեղձ կըլլար, որ երբեմն ալ աչքերը խենթի մոլորուն նայվածքը կստանային: Զինքը տեղավորեցինք, որքան կարելի էր, հանգիստ դիրքի մեջ և ջանացինք ամոքել իր ցավի տագնապը, ու իր խոսելու փափագեն առաջ եկած ջղային ցնցումները հանդարտեցնելու համար, պահ մը հեռացանք իր քովեն: Քիչ հետո ընդարմացած իր վշտեն, գլուխը կռթնցուցած թևին կքնանար: Իր արտակարգ կերպով տժգույն դեմքին վրա, արտևանունքը կապտացած կիջնային կիսովին և բացվածքին մեջեն կերևեր աչքերուն ճերմակը, որուն վրա երբեմն կիյնար բիբը, մեռած, տմույն, կույրի բիբի պես:

Գիշեր էր և մոմի դողդոջուն լույսն աննկատ կերպով կլուսավորեր Առաջնորդարանի սենյակը: Կինն արթնցած էր իր ցավին մեջ, բայց որովհետև իր տագնապը մեղմացած էր, կրցանք գիտնալ իր մղձավանջային պատմությունը:

«Զատկին երրորդ օրն ամուսինս մեկնեցավ Զիամեթ գյուղեն, քաղաքեն փայտ բերելու համար հետն ունենալով Քել Մուսրուխ, նույն