գյուղացի երկրագործ մը. իրիկվան դեմ գյուղացիներու միջոցավ լսեցինք, որ ամուսինս սպանված էր իր ճամփու ընկերոջը ձեռքով: Չգիտնալով, թե դեռ ինչե՜ր կան գրված մեր սև ճակտին վրա, մեր բոլոր արցունքներովը լացինք մարդս: Հետևյալ առտու խռովություններու լուրը հասավ մեզի, բայց մեր բարեկամներեն թուրք մը եկավ մեր տունը, պաշտպանեց և մինչև իրիկուն թույլ չտվավ ոչ ոքի մոտենալ: Աղջիկներս ու տղաս - 18 տարեկան - ա՜խ… յավրում… շուրջս նստած էին ու մեկիկ-մեկիկ մտքերնին կբերեին իրենց հորը խոսքերը, փափագները. «Այս ձմեռ այսպես պիտի ըներ, այս օրերս այնպես պիտի ընե՜ր: Վա՜յ, վա՜յ… ինչպե՞ս մեռավ, ի՞նչ զենքով զարկին», բան չէինք գիտեր: Ամենքս ալ պատի պես ճերմկած էինք, ու երբ աղջիկներես մեկը ոտքի կելլար, փերիի պես բարակ կերևար աչքիս…:
«Հեռվեն հրացանի ձայներ կուգային, դուրսը շուները կըլային ու մեր դռանը մոտիկցած ատենին բերաննին բաց կմնար ու կոռնային ժամերով…: Մեզ պաշտպանող թուրքն իրարանցումի մեջ էր. դուրսեն մարդիկ կուգային, կխոսեին, կփսփսային ու կերթային շուտով. ձեռքերնին սևցած, աչքերնին դարձած, բերաններնին փրփրած…: Առտվան դեմ վախնալո՞վ, թե նոր հրամանի մը մտիկ ընելով, չեմ գիտեր, մեր բարեկամ թուրքը մեզ առանձին ձգեց ու մեկնեցավ: Քիչ ետքը եկան… ամա՜ն… ու ամեն բան թալանի տվին: Երբ խանութը և տունը պարպված էին, խանութին սեփականատերը եկավ, դուռները գոցեց, կնքեց ու բոլոր տետրակները տարավ հետը:
«Մինակ մնացած ու անմխիթար, հետզհետե զգացինք, որ մեր ցավին վերջը չէ եկած, մալս հոգս չէր… աչքիս չերևցավ, բայց զավակներուս վրա կնայեի ու սիրտս կփլեր…: Անկեց ետքը չեմ գիտեր, թե արցունքս որո՞ւ համար թափեի…:
«Իրիկվան դեմ Աղզը Գանլը Մեհմետ աղա, գյուղին մխթարը, եկավ և համոզեց մեզի, որ իր տունը ապաստանինք:
«Տունս վերան ըրի՜ն, սիրտս մոմի պես կվառի, կհատնի կոր… մարդս սպաննված է, աշխարհիս վրա անտեր անտիրական մնացի… հոս ապրել, հոս ուրախացել եմ, տանս շեմին դուրս չելած` թող հոգիս տամ… մեզի հոս ձգե՛:
Ատեն մը լուռ կեցավ, տատամսեցավ, աչքը կպտտցներ մեյ մը