Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահած է: Քիչ ետքն իրարանացում եղավ գյուղին մեջ: Մենք բան մը չէինք գիտեր ու միայն մտիկ կընեինք դուրսի ձայներուն. հովի՞ ձայն էր, շունի ոռնո՞ց, թե մարդերու ձայն… ամենն ալ միասին… հանկարծ լսեցինք հրացանի հարվածներ, հետո լռություն. նորեն փոթորիկը փրթավ, մարդիկ գազաններու պես կգռռային, նորեն հրացանի հարվածներ, քիչ մը լռություն:

Ոտքի ելա, սենյակին դուռը բացի, սպասեցի. տանը թուրք կիներեն մեկը հոնկե կանցներ.

- Աստծո անուշ խաթերը համար ըլլա, ի՞նչ կա դուրսը,- հարցուցի:

Մութ կարմիր յազմայով ծածկած էր երեսը ու ճանաչա զինքը: Անիկա նախ չուզեց պատասխանել, ու անցավ, բայց քիչ ետքը կեցավ, դեպի ինձ դարձավ ու պահ մը լուռ մնաց: Երկու աչքերեն կայծակ կցայտեին. հակառակ որ անցքը կես մութի մեջ էր, կարմիր յազմային տակեն կտեսնեի անոնց լույսը:

- Հնզր կյավուրնե՜ր, - ըսավ վերջապես, - ձեզի համար է, որ մեր տան խաղաղությունը խանգարեցավ, կերած հացերնիս, քուներնիս հարամ եղա՜վ… Շունի պես կատղեր էիք. ձեզի՞ էր մնացեր գլուխ վերցնել. ահավասիկ դրոշակը ձեռքերնին, ձիու վրա հեծած և զինված եկեր են գյուղը կոխելու… Ո՞ւր են ձեր ֆետայինները, ձեր հուրիեթին պաշտպանությունը. հանցանքը ձերը չէր սակայն… ան հուրիեթին երկու աչքերը քոռնան, անիկա ձեզի գլխե հանեց…

Միջոց մը շունչ առավ և ավելի կատաղությամբ շարունակեց.

- Մեր թագավորին հանցանքը ի՞նչ էր, գեշությունը ո՞րն էր… որ վար առիք տեղը ձեր հուրիեթը դրիք… ձեր կյավուր հուրիե՜թը…

Փորձեցի պատասխանել, բայց ավելի գրգռված, գրեթե գոչելով ավելցուց.

- Որովհետև հուրիեթն իսլամ չէ՛, իսլամ չի կրնար ըլլալ…:

Անբացատրելի աղաղակ մը խոսքերն ընդհատեց. չեմ գիտեր թե կխնդա՞ր, թե կշարունակեր հայհոյել. իր երկու աչքերը միշտ կվառեին մութ յազմային տակեն:

- Անիծված մարդի՛կ, կոխած տեղերնիդ սուգ ու ցավ կտանիք. եկել են մեր տունը կրակի տալու ձեզի համար. ուղուրսուզ ներկայություններիդ ե՞րբ պիտի վերանա մեր հարկին ներքևեն… ինքնիրեննիդ