Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռքեն ու այնպիսի ձայնով մը, որ ինծի անգամ անծանոթ թվեցավ, գոչեց.

-Ես իսլամ եմ, մարգարեին խաթերը համար ազատեցեք զիս…

Տղաս ինծի կնայեր առանց ճանչնալու, կնայեր ամբոխին, կնայեր զինքը քաշող թշնամիին, կնայեր և բերանը կծռեր բան մը ըսելու համար. շնչառությունն այնքան զորավոր էր, որ հեռվեն կլսվեր…

- Աղե՛կ, աղե՛կ, - պատասխանեցին շատ մը ձայներ, -քեզի թլպատելու կտանինք կոր:

Ու քանի մը հոգի մեկեն վրան հարձակեցան ու սկսան քաշքշել:

Տղաս կրկին դիմադրեց. հագուստները պատռեցան, ծունկերը գետնին քսվելով սկրթվեր էին. անցած տեղին, հողին վրա, արյունի հետքեր կային:

- Վո՜ւյ, վո՜ւյ կգոչեր անիկա ետին դառնալ փորձելով… մայրիկ, զիս սպաննելու կտանին, մայրի՜կ… ես մեռնիլ չեմ ուզեր, վո՜ւյ, վո՜ւյ ես մեռնիլ չեմ ուզեր…

Ամա՜ն, ամա՜ն… անկեց ի վեր վայրկյան չըլլար, որ Կարապետիս ճերմկած դեմքը չտեսնեմ. ձայնը կարծես ականջիս մեջ մնացած է, իր հոգեվարքի պատկերն աչքերուս մեջ դրոշմված է:

Ետևնուն վազեցի, բայց չհասա. ասդին անդին թափառեցա… ամեն կողմեն ինծի կթվեր, որ տղուս ձայնը կլսեմ ու ճամփաս շփոթեցա. ատեն մը ետքը դեմս ելավ Սաֆիե հանմ, Աղզը Գանլին քույրը. ձեռքես բռնեց ու դեպի իրենց տունն առաջնորդեց:

- Քեզի կվայելե աղջիկներուդ քովն ըլլալ, ըսավ:

- Կարապե՞տս,- հարցուցի արցունքես խեղդվելով:

- Աստծո ողորմությունը մեծ է,- պատասխանեց…,- շատ չտանջվեցավ:

Գիտեի արդեն ու կսպասեի, որ տղուս սպաննելուն լուրն առնեմ, բայց ականջներուս չհավատացի… ցավես քար կտրած կեցա Սաֆիեին դիմացը:

-Նստինք,-ըսավ վշտացած ձայնով, ու ձեռքես բռնելով ստիպեց, որ գետինը խոտերուն վրա տարածվիմ. այդ միջոցին պատմեց ամեն բան:

- Հոն էի ու աչքերովս տեսա, ականջներովս լսեցի. մարդիկ գինովի