Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու խենթի պես էին, զավակն իր հորը, եղբայրը եղբորը զարնելու պատրաստ, այդպիսի գեշ րոպեներ կան Աստծո մեզի սահմանած ժամերուն մեջ և այդ րոպեներեն մեկուն զոհ գնաց զավակդ:

-Յավրո՜ւմ… Յավրո՜ւմ կգոչեի ես, արևդ մարեցավ, կյանքն այնքան քաղցր էր քեզի համար, ի՞նչ զենքով զարկին, ո՞ւր տեղեդ զարկին, յարալը մարմինդ ո՞ւր մնաց, անգամ մըն ալ կյանք տայի քեզի… աչքերուս լույսեն լույս առ, իմ շունչես շունչ առ և չորս կողմդ նայե՜, կշտացիր կյանքեն… յավրո՜ւմ, ի՞նչ զենքով զարկին քեզի…

-Գետին եզերքը տարել էին, - պատասխանեց Սաֆիեն ու հոն Կարապետը Հապիպին հանդիպեցավ. «Սեկ հողի վրա ծնած, մեկ երկնքի տակ ապրած ենք, Հապիպ, ըսավ, աղի, հացի հախ կա մեջերնիս. մեկ ամանե կուտեինք, մեկ գավաթե կխմեինք, խնայե՜ երիտասարդությանս»: Բայց անոնք մտիկ չըրին ու ձեռքերը կապեցին: Հապիպ գոտիեն դանակը քաշեց և մոտիկցավ…

«Ես դանակեն կվախնամ, գետը նետեցեք ինծի»,-ըսավ Կարապետ վերջին անգամ: Բայց Հապիպ ծիծաղելով մոտեցավ ու դանակը մինչև կոթն ընկերոջը ծոծրակին մեջ խոթեց, հետո նետեցին զինքը… ամբոխը գետեզրը ժողված կդիտեր, երկու անգամ արյունոտ մարմինը ջուրին երեսը ելավ և հոսանքեն քշվեցավ, բայց Րեսուլուն օղլու Խտր գոչեց.

«Գետին ջուրը կարմրեցավ կյավուրին անցած տեղեն, դեռ ողջ ըլլալու էր» և երրորդ անգամուն, երբ Կարապետ ջուրին երեսը ելավ՝ վրան հրացան մը պարպեց:

-Երկինքը սևցավ ինծի համար, Սաֆիե՜…-ըսի թուրք կնոջը երեսն ի վեր լալով. Աստծո բոլոր կայծակները ձեր ոճիրները չպիտի կրնան պատժել. ո՞ր օրը և ո՞ր ժամուն ձեր քավության ժամանակը հասած պիտի ըլլա, այրիին, որբին ու մոր արցունքներու մեջ պիտի խեղդվիք…

Քանի կխոսեի, անիկա կտժգուներ. դողալով ձեռքս բռնեց ու մխիթարել փորձեց…

-Մի՜ լար, մի՜ լար, շատ էզիյեթ չտվին, փառք տուր Ալլահին, գթած եղավ ձեզի համար, դեռ ի՞նչ տանջանքներու մեջ մեռնողներ կան, ինչե՜ր պատմեցին… ամեն մեկուն եղունգներուն մեջ հայու արյուն կար: