Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նստած էին, ինչքան ալ սրտակեղեք ըլլար որդեկորույս մայրերու, այրիացյալ կիներու ապշահար և ցավագին տառապանքը, ինչքան որ մղձավանջային սոսկումեվ մը մեզ համակեին շրջակա գյուղացիներու հուրի և սուրի պատմությունները, ավելի դժբախտ, ավելի անտեր, մոռցված և անտեսված տարր մը կար Կիլիկիո մոխիրներուն վրա: Ասոնք դրսեցիներն էին, որոնք Հայաստանի այլևայլ գավառներեն եկեր հաստատվեր էին հոն և մշակությամբ կպարապեին:

Շատեր հասած էին Կիլիկիա, արդեն ջարդե և հուրե փախելով, շատեր հասած էին Կիլիկիա, իրենց ընտանիքին անդամներեն մեծագույն մասը զոհ տված, արդեն սգավոր և սրտերնին ցաված, հաճախ անմխիթար և միայն ներքին անդիմադրելի բնազդե մը մղված կյանքի դառնալու համար: Ի՞նչով կապրեին. գրեթե ոչնչով, ի՞նչի կձգտեին. հայրենիք վերադառնալ. արհամարհված և անտեսված տեղացիեն, որուն մեջ խորթ եղբայրներ միայն գտեր էին, անոնք իրենց ողորմելի գոյությունը կքաշքշեին զբաղվելով գրեթե միայն երկրագործությունով. իրենցմե մաս մը հաստատված էր Կիլիկիո մեջ, ուրիշ ստվար մաս մը, սակայն` կուգար ամեն գարնան և մշակության եղանակը ավարտելուն` աշնան վերջերը կդառնար հայրենիք: Երբ ձմեռվան ամիսները կանցնեին և Կիլիկիան գաղջ կլիմային շնորհիվ գարունը կծանուցվեր վաղահասորեն, ամեն կողմերեն, ճերմակ ճամփաներու վրայեն ծայր կտտային իրենց խեղճ և ողբալի քարավանները, գլգլյակներով ծածկված, անոթութենե կմախքցած ու աչքերնին վառ հարատևորեն վերադարձի հույսերով:

Այն տարվան եկողները հայրենիք չվերադարձան. որովհետև աղետին առաջին և անվրիպելի զոհերը եղեր էին. շրջակա գյուղերուն մեջ հաճախ պատահեր էր, որ իրենցմե ոչ մեկը հաջողեր փախուստ տալ կամ որևէ կերպով ազատվիլ:

Նույնպես Ադանայի մեջ` դուրսեցիներն անտեր ու անտիրական, հաճախ դիզված խաներու մեջ, դյուրին զոհեր եղեր էին թշնամիին ու եթե շրջակա գյուղերու մեջ իրենց ծայրահեղ թշվառության հետևանքով կամ զիրենք աշխատցնող դարձեր էին ինքնապաշտպանության, ընդհակառակն Ադանա քաղաքին մեջ առյուծի պես կռվել էին հաճախ: