Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Դուք ալ երիտասարդ եք, ըսի, դուք ալ կյանքի շեմին վրա կգտնվիք, խորհեցեք թե ի՞նչ բանե զրկեցին զավակս, իմ կյանքս այլևս բեռ մըն է երկրիս վրա. մահվան մեջ միայն մոռացության կհուսամ… ինչ որ իմ աչքերս տեսան ու ինչ որ իմ ականջներս լսեցին, կբավեին հարյուրավոր մայրերու կյանքը թույնի պես դառնացնելու, և այլևս հուսալիք բան մը չունիմ, բայց եկեր եմ ձեզի ըսելու, որ արդար ըլլաք ու ոճրագործ բազուկները պատժեք…:

- Եղածը եղած է, ո՞ր մեկը պիտի պատժենք, բավական արյուն թափեցավ արդեն… մոռցեք անցյալը:

Իրարու մեջ փսփսացին ու մեկն ինծի դարձավ ըսելով.

- Ձեր խանութին գույքերը որո՞նք թալլեցին, տետրակները ո՞վ տարավ, ինչքա՞ն առնելիք ունեիք գյուղին մեջ… Տիվանը Հարպը հարկ եղածը կընե ձեզ վերադարձնելու համար նյութական կորուստը:

- Ես չեմ եկեր խանութիս և տանիս գույքերը ուզելու, ես եկեր եմ ուզելու ձեզմե, որ հանցավորները պատժեք:

- Աղետեն առաջ քույր եղբոր պես էիք. մոռցեք պատահածը, ասկե ետքն ալ քույր եղբոր պես պիտի ապրիք, վրեժխնդրությունը թշնամություն կարծարծե և խաղաղությունը երբեք չի վերահաստատվի երկրին մեջ…: Ձեզի կիյնա բարի օրինակ տալ, ձեր կրոնքն իսկ կպատվիրե ձեզի, որ ձեր թշնամիները սիրեք…

Եվ որովհետև արդեն մոռնալով պատմությանս տպավորությունը, անհամբերության շարժումներ կընեին, քողս հանեցի, գլուխս բաց և ըսի.

- Քանի որ դուք չեք ուզեր տեսնալ մեր դատը, թող Աստված դատե ձեզի և դուք մինչև ձեր հեռավոր սերունդներուն մեջ անիծված ըլլա՜ք:

Սրահը դարձավ շուրջս, շարժող աթոռի ձայներ խլացուցին զիս… ոտքի ելան ու կրկին նստեցան ու այդ միջոցին ինծի կթվեր, որ աշխարհիս չորս կողմեն ձայնս կլսեի:

- Անիծված ըլլա՜ք… անիծված ըլլա՜ք:

Ինչ որ ալ ըլլար Ադանայի բարեկեցիկ և նույնիսկ հարուստ ժողովուրդին դժբախտությունը, անոնց, որ մեկ օրեն մյուսը մոխիրի վրա