Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկար փոշոտ ճամփուն վրա՝ ուրկե եկեր էին մշակներու խումբեր, զինված երկրագործական տարրական գործիքներով, առողջ և հուժկու, հույսով և աշխատության կամքով ոգևորված, երազելով խարտյաշ հնձաններուն, բերքերու առատության և այգեկութներու օրհնյալ և բերկրալի ճոխության վրա, հիմա կերկարեր շարքը վերադարձողներու քարավանին: Կզակնին լաչակով կապած և մարմիննին ցնցոտիներով ծածկած կիներ… դարձյալ կիներ… արևին տակ ճերմակ քողերը հեռավոր ոչխարներու հոտի մը երևույթով կվետվետի… մեկ քանի անդամահատ կամ հիվանդկախ մարդիկ, տժգույն և չոր դեմքեր, ցամքած շրթունքներ. քարավանին առաջքեն քովերեն ու ետևեն որբեր, որբեր, որբեր… անոնք բոկոտն են և գրեթե մերկ ու գլուխնին բաց արևին տակ: Քարավանը կառաջանա համրաքայլ ու հանդիսավոր. ամեն մեկ գլուխ դագաղի պես է. մեռելներու հիշատակներ կան հոն, սիրված մեռելներու, քաջի պես մեռնողներու: Ողբեր ու լեժանտներ կտանին իրենց հետ, արտասուք և հպարտություն ունին միանգամայն ավանդելիք…: ճամփան երկար է ու իրենք տժգույն ու վատթարացած. պիտի հասնի՞ն արդյոք… որքա՜ն ճամփան պիտի մնան և որքա՜ն պիտի հաջողին վաթանին հողը համբուրելու… և հետո ի՞նչ խեր կա իրենց մահամերձի, իրենց խելագարի, իրենց ուրվականի ներկայութենեն:

Քարավանին առաջքեն, քովերեն, ետևեն ահավասիկ, տղաքը կոստոստեն, կվազվռտեն… ցնցոտիներու պատռվածքներեն մարմինները կհայտնվին ամուր և պինդ պողպատի պես. անոնք չեն ճանչնար սուգը և տերտը, կարհամարհեն արևին սլաքները, տոթակեզ և անշնչելի օդին ծանրությունը, միրկ ոտքերուն ներքևեն երկարող ճերմակ և կիզիչ ճանապարհը: Անոնք կերթան ճակատնին դարձուցած նպատակին, հոգինին զեղուն եռանդով և հույսով, կերթան դեպի հայրենիք, որի մասին լսեր են շատ մը հեքիաթներ մամիկեն ու մայրիկեն. կերթան դեպի խոստացված հորիզոնները, դեպի երագած սարերը, ակնկալված քաղցրությունները հայրենի հողին ընծայած պտուղներուն…

Ու սգավոր քարավանն այրիներուն, որ իր որբերը կտանի դեպի