հայրենիք, հետզհետե տոնական երևույթ մը կստանա մեզի համար ու սրտերնիս կհուզվի անբացատրելի և ուժգին զգացումով մը:
-Բարի երթա՜ք… բարի երթա՜ք…:
ճերմակ ու երկար ճամփուն վրա այլևս չենք տեսներ զիրենք… երկար ատեն է, որ հեռացած են, բայց դեռ մեր աչքերը խոնավ են ու մեր շրթունքները` դողդոջուն մաղթանքներով: Ու այս անգամ գոնե, գերագույն հույս կբարեխառնե մեր ցավին դառնությունը:
Վերադարձին՝ ավերված քաղաքին փողոցներուն մեջ կհանդիպինք ուրիշ հեմշերիներու խմբակներու: Էրզրումցիներ կդիմավորեն մեզ. կայտառ և ուժեղ կիներ են, ցնցոտիներու մեջ իսկ գեղեցիկ, կանոնավոր դիմագծերով և սև, արտահայտիչ աչքերով. բազմաթիվ ծամեր, մանր, մանր հյուսված կծածկեն իրենց քամակները և կհասնին մինչև կողերնուն. կենսավետ և առույգ արյուն մը կշիկնեցնե իրենց լեցուն այտերը ճերմակ լաչակներուն ներքևեն: Նորածին մը հանգչած է դեռատի մը մոր կուրծքին վրա և մինչ ան կխոսի, կշարժի ու կքալե, մանկիկն անայլայլ լրջությամբ կշարունակե ծծել մորը կաթը: Նոր հարս է ու այրի. տղեկին հայրը հույսով և երջանկությամբ լեցուն սպասել է առաջնեկին ծնունդին, ու հիմա ո՞վ գիտե' ո՞ր սարին վրա, ո՞ր գետին ջարերուն մեջ կհանգչին իր խոշտանգված մարմնին մնացորդները: Մինչ տարեց կիներ կպատմեն այլևս մեր ականջներում ընտանի դարձած այդ պատմությունը, նոր հարսն իր լաչակին ներքև կարտասվե անշշուկ:
Առաջնորդարան մտած պահերնուս` երկու արյունոտ և ցավագին աչքեր կդիմավորեն մեզ. հանդարտ, լուրջ և լռին տառապանք մըն անշարժացուցեր, մարմարային տժգունություն և կարծրություն տվեր է կնոջային դեմքի մը, որուն տարիքը կխուսափի մեր ուշադրությունեն: Ցավի նույն դիմակը կա ամենուն դեմքին վրա. նույն աչքերը, նույն կծկված և քարացած մկանունքները, նույն ճերմկած կամ կապարագույն դարձած շրթունքները. նույն կանխահասորեն ճերմկած կամ փոթտված մազերը: Ինչպե՞ս որոշել երիտասարդը պառավեն, սգավոր մայրն այրիեն. կարծես երկաթյա և անողոք ձեռք մը, նման ձգտումով, սեղմած ու ցամքեցուցած էր իրենց