Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենսականության աղբյուրը:

Լաչակին ներքևեն, որի մեքենական շարժումով մը կքաշեր դեպի դեմքը` ծածկելու համար զայն, կընդնշմարենք խոհուն ճակատն արկածյալ կնոջ և իր վիրալի աչքերուն խորը կճանչնանք դարավոր տառապանքով ազնվականացած հայ կինը: Դրսեցի է. Խարբերդեն. ոչ մեկ օր չէր եկած անիկա եկեղեցիին բակը նպաստ խնդրելու, մեր բժիշկ ընկերներեն մեկը հանդիպեր էր իրեն ու մեզի հանձնարարել այդ խպնոտ թշվառությունը: ժամադրություն տվեր էինք նպաստի ժամերեն դուրս միջոց մը, այնքան իր ամաչկոտության խնայելու, որքան լսելու իր խրոխտ, ցավագին և աննշմարելի անցած պատմությունը: Իր գերազանց պարզությամբ անիկա չէր խորհեր, իսկ թե ինչ թանկագին դրվագ կներկայացներ բոլոր մեր լսած ջարդի, հուրի, նվաստության և անմարդկային վայրագություններու պատմություններուն մեջ:

Երբ իրեն հետ առանձնացանք ու զինքը հրավիրեցինք նստիլ մեր դեմ, դողդոջուն ձեռքերը սեղմած կուրծքին վրա, պահ մը նայեցավ մեզի խորունկ, և անբացատրելի նայվածքով մը: Այդ բանը հաճախ կպատահեր արկածյալներուն. կարծես սկսելե առաջ իրենց անլուր, անհավատալի, անըմբռնելի պատմությունը, կձգտեին հաղորդակցության մեջ մտնալ մեր հոգեկան կացության հետ, իրենց ցավին էությունն իսկ հաղորդել, որպեսզի իրենց տարտն իմանալի դառնար մեզի, ու ամեն անգամ` անվրիպելի կերպով կհաջողեին: Նույնատեսակ հուզմունքի ալիք մը կվրդովեր մեր սիրտը, իրենց հառաչանքներուն, իրենց աղաղակներուն կշռույթը կզգայինք նախապես մեր դղրդված ցեղային բնազդին մեջ ու իրենց արդեն թափած արցունքներուն դառնությունը կայրեր մեր կոպերը: Իրենց հետ կկուրանայինք ու կխլանայինք, ու ամբողջ աշխարհ կխուսափեր մեզմե: Այլևս ի՞նչ փույթ այս կամ այն կնոջ պատմության մանրամասնությունները, դեռ չլսած գիտեինք, ինչպես եթե մեր ենթագիտակցության մեջ արդեն հոլովված ըլլային անոնք, ու բոլոր միջոցին, որ կխոսեին, անբացատրելի զգայնություն մը կելևէջեր մեր մեջ համապատասխան իրենց վշտի սարսուռներուն: