Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ

Անսահման վհատություն և հուսաբեկություն ամէնուն մեջ, հեգնությունով և դառնությունով կպատասխանեն մեր խրախուսող խոսքերուն:

- «Հետաշրջական շարժումին զոհերը եղանք, որովհետև վարժված էին մեր գլխուն զարնել, ամենեն ուժգին կերպով մեզի զարկին… Ոչ միայն մենք, այլ երկրին բոլոր ազատական տարրերը վտանգի մեջ էին, մենք բաժնեցինք երկրին տագնապը. ահավասիկ… այսպես բացատրենք Ադանայի աղետը»:

Հավաքված էինք Առաջնորդարանի սրահին մեջ, ուր եկեր էին օտար դառնությանց պատկանող եկեղեցականներ և ադանացի անձնավորություններ պատրիարքական երկրորդ պատվիրակությունը ողջունելու: Եվ մինչ Պոլսեն նոր եկող անձ մը կջանար այդ ուղղությամբ մխիթարել և խրախուսել տեղացիները, ձայն մը ականջս ի վար ըսավ.

- Բոլոր անոնք, որ չուզեցին մեռնիլ, բոլոր անոնք, որ ուզեցին իրենց կիները և տղաքները պաշտպանել, կամ բանտարկված են, կամ փախստական և կամ ապաստանած որևէ անկյուն մը:

Առտըվնե ի վեր մտատանջ էի հյուպատոսարանը ապաստանող երիտասարդներու մասին, առիթը պատեհ համարեցի անոնց վրա հարցնելու:

- Հուսահատական դրության մեջ են, անձնատուր պիտի ըլլան, ըսին ինծի:

Ուրիշներ ալ կմոտենային մեզի… շշուկներ, փսփսուքներ, տարակույսը և արհավիրքը կտարրալուծեր դեմքերը, տղաքը վտանգի մեջ էին, որովհետև ամէնուն հիշողությանը մեջ մղձավանջային պատկեր մը կար դրոշմված. - կախաղաննե՜րը:

Ուշ ատեն, Կարմիր Խաչի ընկերուհիի մը հետ գացինք իրենց այցելության. Անգլիո հյուպատոսն ընդունեց նախ մեզի, ու, երկար ատեն խոսեցավ այն անհրաժեշտությանը վրա, որ կա՝ ազատական ռեժիմին վստահության ցույց մըն ընելու, բանտարկյալներու կողմե,