Էջ:Arakel of Tabriz, History.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է իր բաժինը վերցնել․ վարդապետը նշխարներից մի մատի չափ մաս է վերցնում, մնացածը Ալթունը հավաքում է իր մոտ։ Ալթունը վարդապետին այս էլ է ասել․ «Եթե ինձ չմեղադրես հայրերի համար, սրանց մարմինները կթողնեմ այստեղ, կվերցնեմ սրանց գլուխները միայն և կտանեմ թագավորին»։ Իսկ սուրբ վարդապետը խղճում է հայրերին իբրև քրիստոնյաների, չի թողնում, որ նա ասածը անի։

Վարդապետը տարիներ հետո գնաց Նախիջևան քաղաքը․ այդ քաղաքին մոտիկ մի գյուղ կա, որ Քուլթափա են կոչում։ Մինչև այդ ժամանակ գյուղում եկեղեցի չկար, այնտեղ հիմնարկեց եկեղեցի և եկեղեցու հիմքում դրեց նշխարների մասը, որ վարդապետը վերցրեց․ սրա վրա եկեղեցի շինեց, ավարտեց։ Եկեղեցու օծման օրը եկեղեցին անվանեց Սուրբ Հռիփսիմե։ Բայց այժմ այն գյուղում եկեղեցու վրա հաստատված հայկազուն քրիստոնյաները սակավ են։

Իսկ Ալթունը Աստապատից ելավ, իր հետ առավ հայրերին ու նշխարները, գնաց հասավ Թավրիզ և խոջա Նազարին ներկայացրեց նշխարներն ու հայրերին։ Խոջա Նազարը հայտնեց շահին, խնդրեց ու ասաց․ «Քո՝ մեր թագավորիդ բախտի հաջողության համար չթողեց, որ այն նշխարները գնան Ֆռանկստան։ Որովհետև եթե գնային, ողջ հայ ժողովուրդը նրա հետևից կգնար, քանզի ողջ հայ ժողովուրդը կախված է նրանից, մանավանդ ջուղայեցի և Գողթան գավառի ժողովուրդը, որոնցից շատերը այժմ վաճառականությամբ Ֆռանկստանում են և հազիվ թե նրանք վերադառնան այս երկիրր։ Իսկ մեր խնդրանքը արքայից այս է. միգուցե այս նշխարներից մի մաս բաժանված է, և եթե ֆռանկները սրանցից [մաս] են առել, այն ևս նրանցից առնի և մեզ տա։ Այսքանը նախքան դատաստանի քննության օրը խոջա Նազարը ասաց շահին, իսկ շահը պատասխանեց, թե որովհետև ջուղայեցիների կամքը այդպես է, ջուղայեցիների ցանկության համար և քո միջնորդության շնորհիվ կանեմ այնպես, ինչպես դու ասացիր։

Եվ այն օրը, երբ շահը դատաստանի նստեց, Ալթունը նշխարը և հայրերին բերեց շահի առջև: Շահը հարցրեց և ըստ ամենայնի տեղեկացավ։ Հայրերին թողեց առանց պատժի, քանզի այն ժամանակ միմյանց միջև խաղաղության դաշինք