Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սրանք ամենքն էլ խիստ չքավոր և պարտատուներ էին, մնացել էին ճարահատ, այդ պատճառով փախան գնացին Պարսկաստան։ Այն անձանց անունները, որ հիշատակեցինք, բոլորն էլ նշանավոր մարդիկ էին։ Սրանք և սրանցից ավելի շատերը գնացել էին շահի մոտ։ Կաթողիկոսները այս բանը գիտեին, նաև տեղեկացրել էին, որ շահը հավաստի կերպով գալու է Հայաստան, դրա համար իրենք ևս կամեցան գնալ, որպեսզի մտերիմ երևան շահին, գուցե թե որևէ դյուրություն և օգնություն ստանան նրանից իրենց նեղությունների ու պարտքերի համար։

Այն ժամանակ իբրև ավարտումն բոլոր խորհուրդների Դավիթ կաթողիկոսը և Խորվիրապի Մանվել եպիսկոպոսը մնացին Հայաստանում, իսկ Մելքիսեթ կաթողիկոսը Հավուց թառի Մանվել եպիսկոպոսը և Գեղարդի Աստվածատուր եպիսկոպոսը ելան Տաթևից և ինչ-որ պատճառաբանությամբ գնացին Պարսկաստան։ Եվ երբ նրանք ճողոպրեցին պարսից երկրի սահմանը, անհապաղ շտապեցին գնալ, մինչև հասան Սպահան քաղաքը և ներկայացան Շահ-Աբաս թագավորին, հայտնեցին նրան իրենց խորհրդակցությունը։ Երբ շահը այդ լսեց և հասկացավ, հոգով ցնծաց, մտքով ուրախացավ, մարմնով զվարթացավ, որովհետև այդ օրը նրա ուրախությունը ավելի մեծ եղավ, քան իր ամբողջ կյանքի ընթացքում էր եղել։ Եվ ըստ իր խորամանկ սովորության Շահ-Աբասը սկսեց նրանց մեծարել ու պատվել ընծաներով, թանկագին պարգևներով և օր առ օր իր մոտ էր կանչում նրանց, խոսում էր հետները ըստ նրանց ցանկության և նրանց սրտակից էր դարձնում իրեն, իսկ ինքը իրեն նրանց վստահելի ու բարեկամ էր ձևացնում, խոստանում մեծամեծ բարիքների հասցնել նրանց, և այնքան դատարկ ու պատիր խաբեությամբ իրեն կեղծելով նրանց մտերիմ ցույց տվեց, մինչև որ նրանց սրտերի բոլոր գաղտնիքները դուրս քաշեց, նրանց երկրների վերուդիրը և իշխանավոր անձանց իմացավ։ Եվ երբ իմացավ, որ իրոք նրանց սրտինը այն է, ինչ որ բերանով խոսում են, հրաման տվեց իր զորավարներին զորքը պատրաստել մեկնելու համար։ Իսկույն շուտափույթ հրամանը կատարվեց։ Այնուհետև ամբողջ զորքը շարժվում է դեպի Թավրիզ՝ օսմանցիների

26