Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրար չղրկեն, որոնց առիթով հաճախ տրտունջներ ու դժգոհություններ ենք լսում մշտապես։

Տասնմեկերորդ՝ քահանաները իրար չպետք է զրկեն՝ միմյանց ծուխն ու հասույթը հափշտակելով կեղծավոր բարեձևությամբ, կամ այլազգիների բռնությամբ, այլ յուրաքանչյուր մեկը պետք է իր բաժնով բավարարվի, իսկ եթե այդպես չէ, հանդգնողը պետք է կարգազուրկ արվի։

Տասներկուերորդ՝ երբ պատրաստվում են նշան դնել որևէ աղջկա մի որևէ երիտասարդի համար, կանայք կամ բնակիչները չհանդգնեն այդ անել առանց երկար քննության կամ առանց առաջնորդի գիտության. քահանաները շատ օրեր պետք է եկեղեցու մեջ քարոզեն և առհասարակ բոլորին հայտնեն, որպեսզի գուցե թե մեկը տեղյակ լինի նրանց արյունակցության, որը լսելով նա նախապես իմացնի։ Իսկ երկար քննություններից հետո, եթե չգտնվի նրանց միջև արյունակցություն, ապա քահանաների և ժողովրդի ներկայությամբ բացահայտ կերպով օրհնեն այդ նշանը և հաստատեն գործը։

Տասներեքերորդ՝ այրի քահանաները, եթե պարկեշտ են և ծեր կամ սնուցելու մանուկներ ունեն, մնան եկեղեցում, իսկ եթե այսպես չէ, պետք է գնան վանքերն ու անապատները, իսկ եթե չգնան, հեռացվեն ժառանգությունից ու կարգից։

Խրատական խոսքի այսքան գլուխները իբրև կանոն գրեց սահմանեց և ամեն օր քարոզում էր բոլորի առջև, որ ընդունեցին և հավանեցին, սիրով հանձն առան Սսի Ներսես կաթողիկոսը, Աստվածատուր վարդապետը, բոլոր վարդապետները, իշխանները, ստորագրեցին, կնքեցին և ինքնակամ հոժարությամբ օրինակը առան, տարան իրենց երկիրը, շատ տեղերում սրա լրիվ օրինակը կա և տակավին նույն ուխտով ու սիրով մնում են Քրիստոսի շնորհներով։ Նաև ուղիղ երախտագիտության արժանի և ուղիղ գործեր սահմանեց այնտեղ Երուսաղեմում։

Ապա Երուսաղեմից ելավ, նստեց նավ ու ծովով գնաց Կոստանդնուպոլիս, այնտեղ մի կլոր տարի մնաց. այնտեղ ևս երախտագիտության արժանի ուղիղ գործեր սահմանեց։ Այս բոլորից առաջ նրանց անջատողական երկպառակությունը