Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վեզիրի, թագավորի մոտ՝ շատ կաշառք էին տալիս նրանց և վանում էին ախոյանին և առնում իշխանությունը իբրև սոսկ անուն պատրիարքության, առաջնորդության: Նաև բազմապատիկ կաշառք իշխանների դռներն էին ցրում այստեղ-այնտեղ։ Եվ այսպես անելով, պարտքը շատացավ, բարդվեց, հասավ մինչև 40 հազար ղուռուշի:

Այս պատճառով Կոստանդնուպոլիս քաղաքը մեծ խռովությամբ լցվեց. իբրև փոթորկված ծով անդնդապտույտ հատակով, լեռնանման կոհակով, շարժումով, շաչումով, շառաչումով, բարձրաձայն գոչումով, իբրև կայծակընկեց և հուր ցանող ամպերի դողացնում էր բոլոր մարմնավորներին։ Եվ այս խռովության լուրը ծավալվելով տարածվեց բոլոր քաղաքներում ու գյուղերում, արևելքում, արևմուտքում. ամեն ոք բերանը բացած այս մասին էր խոսում։ Այս պատճառով շատ անվանի ու երևելի մարդիկ՝ քահանաներ, երեցփոխաններ և ուրիշներ Կոստանդնուպոլսից ելած երկարաձիգ ճանապարհով եկան Սուրբ աթոռ Էջմիածին կաթողիկոսի մոտ, որպեսզի մի հնար գտնեն խռովությունները վերացնելու և պարտքերը վճարելու։ Իսկ կաթողիկոսը իր ողջ զորությամբ ջանք էր թափում երբեմն գրությամբ, երբեմն մարդ ուղարկելով և այլ կերպ հնարներ գործածելով, բայց ժողովրդի խռովություններին խաղաղություն չեղավ։ Այս պատճառով քաղաքի ժողովրդի շատ մարդիկ վշտացան, վտանգվեցին, որովհետև ոմանք դարձան տնանկներ և աղքատներ՝ զրկված ունեցվածքից, ապրանքներից, տներից, ոմանք հայրենիքից, ոմանք բանտերում ու կալանատներում մեռան, ոմանք վտարանդի լինելով հեռավոր քաղաքներում պանդխտությամբ շրջում էին՝ հեռացած ընտանիքներից ծանոթներից և այդպես էին իրենց կյանքը անցկացնում։ Տասնութ տարի երկարեց այս դառը գործը, մինչև որ այնտեղ գնաց աստծու ծառա տեր Փիլիպոս կաթողիկոսը և որովհետև տերը նրա հետ էր, նրա շնորհներով նույն քաղաքի ժողովրդի այնքան պարտքը վրճարեց։ Որովհետև ժողովրդից ամեն մեկին հրամայում էր, որ իր կարողության օգնական լինել պարտքը վճարելու համար։ Եվ այն մարդը, որին ուղղվում էր կաթողիկոսի հրամանը, բոլորովին չէր հանդգնում որևէ բան ասել, այլ սիրահոժար կատարում էր հայրապետի հրամանը նրա օրհնության