Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ շահը ինքն է, քանի որ նախապես կարծում էին, թե ինչ-որ զորապետ է, իսկույն բերդի դեմ ճակատամարտը դադարձրին, դարձան եկան Սոֆիան գյուղի մոտ և այնտեղ Սոֆիանի դաշտում, հանդուգն բախումով խմբավորվեցին ճակատամարտի։ Այդ ճակատամարտում մեծ քաջություն ցույց տվեց Ուլամի որդի Հայբաթ բեկը, որովհետև այս ճակատամարտում շահի առջև քսան գլուխ բերեց։ Իբրև գիշակեր ու անկուշտ գազան նորից մտավ ճակատամարտի մեջ, բայց այդքան շատ արշավանքների ու չարչարանքների պատճառով հոգնել էր նրա երիվարը. օսմանցի զինվորները շրջապատելով իրենց միջև նիզակափակ արին նրան և այնտեղ Հայբաթ բեկին զարկին սպանեցին։ Պարսից զորքերը այս տեսնելովք՝ երկյուղ կրեցին, որով թեթև կերպով պարտված երևաց պարսից կողմը։ Եվ շահը իսկույն իր առջև կանչեց Զուլֆիղար մեծ խանին ու քաջալերելով սրտապնդեց նրան և հրավիրեց ճակատամարտի։ Իսկ նա շահի քաջալերանքներից սիրտ առնելով մտավ ճակատամարտի ասպարեզը և մեծ զորությամբ հարվածեց ու ջախջախեց օսմանցիների զորքերը։ Պարսից զորքերը տեսնելով այս՝ ընդհանրապես բոլոր կողմերից հարձակվեցին, սրահար արին, առհասարակ բնաջնջեցին բոլորին, դիատապաստ թափեցին դաշտերում, իսկ մնացածները փախչելով կորան։ Իսկ Ալի փաշան տեսնելով իր կողմի պարտությունը և այն, թե ստույգ շահը ինքն է, իր հետ առավ որդուն և եկավ ընկավ շահի ոտքերը, աղաչում էր ազատության համար։ Իսկ շահը սիրով ու գթասրտությամբ ընդունեց նրան ու մեծ պատվով իր մոտ էր պահում ու իր հետ էլ Սպահան տարավ։

Ճակատամարտը տանելուց հետո շահը եկավ մտավ Թավրիզ: Գրավելով տիրեց քաղաքին ու բոլոր գավառներին։ Իսկ քաղաքամիջի բերդը տակնուվրա արեց, ամբողջը հիմքից քարուքանդեց։ Այնտեղ մնալով որոշ օրեր՝ մինչև ողջ երկիրը նվաճեց իր իշխանության տակ, նշանակեց իշխաններ ու գործադիրներ երկրի բոլոր սաՀմաններում։

Իսկ օսմանցիների մնացած զորքերը, որ Թավրիզ քաղաքից փախան և պատերազմից ազատվեցին, գնացին հավաքվեցին Նախիջևան քաղաքում։ Նախիջևանի զորքերի հետ խորհրդակցեցին [և եկան այն եզրակացության], թե պարսից

28