Նիկոլն ասաց. «Ֆռանկներին տված իմ ստորագրությամբ ինձ կարգազուրկ կանեն, գուցե նաև մահապարտ անեն»: Այս բանի համար կաթողիկոսը զիջեց։
Եվ այս չորս կետերը՝ գրված թղթի վրա, կնիքով կնքված և ստորագրությամբ հաստատված, Նիկոլը տվեց Փիլիպոս կաթողիկոսին, իսկ կաթողիկոսը հանձնեց Խաչքո դատավորին, որպեսզի իր հետ տանի Լվով քաղաքը, պահեն ապագայի ապահովության համար։
Ապա կաթողիկոսը արձակեց բանադրանքի կապանքներից և նրան տվեց եպիսկոպոսական իշխանության հրովարտակ իշխելու Լվովի ժողովրդի վրա. նաև պատվիրեց նրան, որ զգաստանա իր թափառական ու անբարո կյանքից, գա դեպի կրոնը և արդարության բարեշավիղ ճանապարհը, որ վայել է եպիսկոպոսության անվան և աստիճանին։ Եվ Նիկոլ եպիսկոպոսը կաթողիկոսի բոլոր հրամանները սիրով ու հոժար կամքով հանձն առնելով՝ նրանից արձակված եկավ Լվով քաղաքը։
Իսկ Լվովի ժողովուրդը համարում էր, թե Նիկոլը զղջալով թողել է իր թյուր վարքը, բտյց տեսնում էին նույն վարքի մեջ անփոփոխ է. նաև հիշում էին իրենց անչափ գանձերի ու անոթների վատնումը և այն բազմաթիվ նեղությունները, որ հասցրեց սրանց Նիկոլ եպիսկոպոսը, այրված, խորովված տոչորվում էին նրանց սրտերը։ Այս պատճառով չէին կամենում միաբանվել նրա հետ, առավել ևս փախչում էին և կամենում էին նրանից նզովվել։
Մինչդեռ Նիկոլ եպիսկոպոսը չէր գնացել Կոստանդնուպոլիս, Փիլիպոս կաթողիկոսը իր աշակերտներից Հոհան անունով մի վարդապետի, որ ծննդավայրով Արզնիից153 էր, իմաստությամբ հարուստ, խոսքով իմաստուն, ուղարկեց գնալու Լվով, որ թերևս ջանք թափի նրանց եկեղեցիների համար փրկության հնար գտնելու։ Հոհան վարդապետը Լվով գնալու և եպիսկոպոսը Կոստանդնուպոլիս գալու ժամանակ ճանապարհին հանդիպեցին միմյանց: Նիկոլ եպիսկոպոսը նաև Հոհան վարդապետից կաթողիկոսին ուղղված հանձնարարական թուղթ առավ և գնաց Կոստանդնուպոլիս կաթողիկոսի մոտ։ Իսկ Հոհան վարդապետը, հասնելով Լվով, մնաց