գալու։ Նաև ծունկից վերև ազդրը պարանով կապեց և ջիլը կարճացրեց, եղավ բնական կաղ, որ գնալիս կաղում էր։ Ապա գնաց Աղթամար կղզին և բնակվեց այնտեղ․ վանքին սպասավորություն էր անում։ Լավ սպասավորության համար օրավուր ընտելացավ նրանց, մինչև որ նրան եկեղեցու լուսարար և վանքի անոթների ու սրբությունների պահապան նշանակեցին։ Նա եկեղեցու լուսավորության գործում մնաց յոթ տարի։ Այդ ժամանակ այնպես պատահեց, որ մի օր շատ վաճառական մարդիկ եկան, որոնց հայերեն փերեզակ, իսկ այլազգիների բառով չարչի են ասում։ Այս չարչիները դրասաներով, էշերով շրջանում էին գյուղե գյուղ․ եկան, հասան մինչև Աղթամարի նավահանգիստը և այդպես իրենց էշերով մտան Աղթամար կղզին կտավ, աստառ, չիթ, ալաջա [գույնզգույն կտոր] և այլ ինչ վաճառելու համար։
Այս չարչի մարդիկ Ջուղա գյուղաքաղաքից էին, քանզի այն ժամանակ Ջուղան տակավին շեն էր։ Սրանք երկու-երեք օր մնացին այնտեղ՝ կղզում, իսկ Վրթանես եպիսկոպոսը կտրեց մի էշի համետը, որ փալանն է, բերեց Լուսավորչի աջը, սրա հետ նաև վառը, որը խաչվառն է, և ուրարը, որը և անցյալ պատմության մեջ հիշեց․ այս երեքը դրեց էշի համետի մեջ և կրկին կարեց, ինչպես որ սկզբում էր։ Այս արեց թաքուն և բոլոր մարդկանցից գաղտնի, միայն էշի տիրոջը հայտնեց և պատվիրեց, որ լավ պահի, որպեսզի աջին որևէ վնաս չպատճառի։ Նաև պատվիրեց, որ ոչ մի տեղ չուշանա, այլ առնի և հապճեպ հասնի Ջուղա։
Չարչիների գնալուց օրեր անց ինքը՝ Վրթանես եպիսկոպոսը մի պատրվակով ելավ կղզուց, գնաց ինչ-որ տեղ։ Երբ այդ վայրերից հեռացավ անծանոթ տեղեր, ապա ոտքի կապը արձակեց, որ նախապես կապել էր, ճանապարհ բռնեց, գնում էր մեծ աճապարանքով: Իսկ Աղթամար կղզու բնակիչները տեսան, որ անցան պայմանավորված օրերը, այց իրենց լուսարարը չեկավ, գնացին այստեղ-այնտեց հարցրին, բայց չգտան։ Իսկ երբ իմացան, որ աջը իր տեղում չէ, այդ ժամանակ սկսեցին բոլոր ճանապարհներով և ուղիներով չափազանց արտորանքով հետամտել, որ թերևս հասնեն։ Իսկ