Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Դավթի խաչ» և բազմաթիվ ոսկետուփ ու արծաթապատ ավետարաններ և այլ գրքեր, արծաթեղեններ, քշոցներ, բուրվառներ, կանթեղներ, թանկագին կտորից մեծագին շուրջառներ, վարագույրներ, բեմի ծածկոցներ և այլ բազմաթիվ սպասքներ, որոնք այնտեղ էին պահել։ Բոլորը հանին, բերեցին դուրս։ Ինչ որ արծաթյա իրեր էին, դրին սնդուկի մեջ, ինչ որ պղնձյա էին, ջարդեցին։ Նաև, էլ ինչ-որ գտան բարձին ձիերին, նաև Սուրբ նշանը իր զարդերով։ Բռնված մի քահանա բերին և նշանակեցին, որ գնա Սուրբ նշանի հետ սրան սպասավորելու համար։ Թե Սուլեյման բեկը, թե Չոմարը իրենց զորքերով այդ ամենը առած՝ գնացին հասան Խոշաբ։

Արդ՝ Վարագա բոլոր անոթները և ինչքերը այդ ձևով գնացին Խոշաբ, երբ մեր 1100 [1651] թվականն էր։

Իսկ երեք աբեղաները, որոնք այնքան տառապեցին, թեպետ մի տարի քաշ տալով ապրեցին, բայց (ապրում էին) իբրև մեռած զեռուն, որովհետև ճլերքամահ կյանքով էին մնում և մահ էին տենչում, որը մի տարի հետո վրա հասավ նրանց. մահը հանգստացրեց նրանց իրենց տառապանքներից։


ԳԼՈՒԽ ԼԹ
ՀՈՒՍԵՅԻՆ ԱՂԱՅԻ ՋՈԻԼԱՄԵՐԿ ԳՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իսկ Հուսեյին աղան ու փաշան, որոնք մտել էին Պալթի տները, և թաքնվել, այդպես թաքնված մնացին այնտեղ, մինչև երկու ամիս, իսկ թնդանոթը վերին բերդից մշտապես ներքին բերդն ու քաղաքը ծեծում էր ու ավերում։ Ապա Հուսեյին աղան նկատելով ու մտածելով իմացավ, որ ոչ մի տեղից իրեն փրկություն չկա, բացի իր խնամի Եզդիշեր մեծ իշխանից, ուստի իր հավատարիմներից ոմանց առանց որևէ մեկի գիտության ուղարկեց Եզդիշերի մոտ, ասելով. «Քեզ հայտնի է, որ Վանա իշխաններն ու Սուլեյման բեկը իմ թշնամիներն են․ արդ՝ ոչ մի տեղից ինձ փրկության հնար չկա, բացի քեզնից, ուստի պարտավոր ես շտապ ինձ օգնության հասնել»։

Իսկ մեծ իշխան Եզդիշերը հրաման տվեց իր մի իշխանի