Էջ:Arakel of Tabriz, History.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սեկին նշանակեցին գլխավոր և զորահրամանատար, որի անունն էր Սինան փաշա, մականունով կոչում էին Ջղալօղլի: Սա հավաքեց մեծ քանակությամբ զորքեր, որոնց հետ ելնելով Կոստանդնուպոլսից, շարժվում գալիս էր արևելյան կողմերը։

Բերդը գրավելուց հետո շահը հրամայեց, որքան ժողովուրդ, որ օտարական են ու պանդուխտ, նաև նրանք, որ գերությունից ազատված են, լինեն քրիստոնյա, մահմեդական, թե հրեա, որոնց բերին ասպատակության, ավարառության իրենց հատկացված տեղերը գնացած խաները` թե Ամիրգունա խանը, որ բերեց Գանձակի երկրամասից, թե Ալահվերդի խանը, որ բերեց Արծկեից, Արճեշից, Բերկրիից ու Վանից, թե մյուս խաները, որ մյուս անգամ բերին Արճեշից, Մանազկերտից26, Ալաշկերտից27 և Մակուից28, թե մյուս խաները, որ այլ անգամ բերին Կարսից, Կաղզվանից29, Բասենից, Կարինից, Խնուսից, և այլ ամենը, որ ինչ-որ տեղից եղել են, հրամայեց, որ սրանց բոլորին որոնեն գտնեն Երևանի նահանգում և ամենին քշեն Պարսկաստան։ Այս հրամանը շուտափույթ կատարվեց, որովհետև որքան որ այդպիսի ժողովուրդներ կային, բոլորին քշեցին Պարսկաստան։

Նաև` երբ շահը Թավրիզը գրավեց, մինչդեռ այնտեղ Թավրիզում էր, հրամայեց այնտեղ եղած օտարականներին քշել տանել Պարսկաստան, և այդպես էլ արին։

Երբ Թավրիզից ելավ, Նախիջևանով անցավ, եկավ Երևան, Նախիջևանի օտարականները լսեցին, թե շահը Թավրիզի օտարականներին քշեց տարավ Պարսկաստան, իրենց համար դա ինչ-որ լավ գործ համարեցին, նրանցից ոմանք եկան Երևան և շահին իմացրին, թե մենք նույնպես շահասեր ենք և կամենում ենք գնալ Պարսկաստան։ Իսկ շահը նրանց սրտին գոհացում տալու և սրանց նման անմիտներին խաբելու համար հրամայեց պարգև տալ նրանց, և տվին հինգ պարգև, նրանց վրա վարիչներ նշանակեց, որոնք նրանց ևս տարան Պարսկաստան։

Եվ այս ամենը կատարվեց երկու տարում, որովհետև Սրապիոն կաթողիկոսի Էջմիածին գալը և կաթողիկոս լինելը, նույն տարում շահի գալը և Թավրիզը, Նախիջևանն ու Երևանը գրավելը, Սրապիոնի իր տեղը դառնալը և այլ

40