Էջ:Arakel of Tabriz, History.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրանով գրավել նրա սիրտը, որ թերևս դրանով հեռացնեն իրենցից ու իրենք մնան խաղաղության մեջ։ Եվ այն չէին իմանում, թե հետագայում նույնի ձեռքով է լինելու իրենց ազգի կորուստն ու կյանքի վերջը։

Արդ վրաց երկու թագավորն էլ՝ Ալեքսանդրն ու Գորգին ելան, եկան Երևան, տեսան շահին։ Իսկ շահը, ինչպես որ նրանց ազգի մեջ ի բնե գոյավորել է խորամանկաթյունը, նախապես սիրով ու մեծարանքով ընդունեց նրանց, հանդերձանվերով պատվեց, որպեսզի իր մոտ նրանց սիրեն, տեսնողների սիրտը գրավի։ Խաղաղությամբ պահեց, մինչև որ Երևանի բերդը գրավեց։

Ապա ըստ դյութական ու կախարդման իրենց արհեստի թույն խմեցրեց Գորգի թագավորին, որ քիչ օրերից հետո մեռնի, իսկ Գորգի թագավորը նույն ժամին չիմացավ այս դավադրությունը, որ շահը նրա հանդեպ գործադրեց։ Այս դավադրությունից հետո շահը սիրով ու պարգևներով Գորգուն ուղարկեց գնալու իր տեղը։ Եվ նա ելավ Երևանից գնաց իր Թիֆլիս քաղաքը ու քիչ օրեր ապրելով մեռավ ըստ [թույնի] ազդեցության ու շահի ցանկության։ Տեղի ժողովուրդն ու իշխանները Գորգու տեղը թագավորեցրին նրա տարիքով մանուկ որդուն՝ Լավասափին։ Արդ՝ Գորգու վախճանը շահի ներգործությամբ այդպես եղավ։

Իսկ Ալեքսանդր թագավորին շահը իր մոտ պահեց, չթողեց գնալ, այլ իր հետ տարավ շրջեցրեց այստեղ-այնտեղ և նրանից պատանդ էր պահանջում։ Այս պատճառով Ալեքսանդրը ճարահատյալ կամքով թե ակամա բերեց իր մանուկ թոռին, որի անունն էր Թամրազ, տվեց շահին պատանդ, որից հետո շահը թույլատրեց նրան գնալ։ Եվ Ալեքսանդրը շահի կողմից ազատ արձակվեց, գնաց իր տեղը։ Նրա թոռ Թամրազը մնաց շահի արքունիքում, իսկ Թամրազը Ալեքսանդրի որդի Դավթի որդին էր։