Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1004

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ ԳԽ-ն օրենքով 1995-ին հողը հայտարարել է պետական սեփականություն, որը կարելի էր օգտագործել միայն վարձակալ. հիմունքներով։ 1998-ին ընդունվել է հողի սեփականաշնորհման մասին օրենք, որով սեփականաշնորհման ենթակա հողերն օգտագործողներին տրվել են անհատույց։ Ընդ որում՝ հողաբաժնի չափը (0,6 հա) սահմանվել է յուրաքանչյուր շնչի հաշվով։ Սեփականաշնորհվել են միայն վարելահողերը, իսկ խոտհարքներն ու արոտավայրերը թողնվել են համայնքային օգտագործման։ Սեփականաշնորհումից օգտվել են ոչ միայն գյուղաբնակ քաղաքացիները, այլև շրջկենտրոնների բնակիչները, իսկ Ստեփանակերտի բնակիչներից նրանք, ովքեր բնակություն են հաստատել գյուղերում ու շրջկենտրոններում։

Հող ստանալու իրավունքից օգտվել են նաև ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված ազատամարտիկների և քաղաքացիների ընտանիքները։ Կան նաև անհատ-ձեռներեց վարձակալներին օգտագործման տրված հողեր՝ շուրջ 12 հազար հա։

ԼՂՀ-ում իրականացվող ագրարային բարեփոխումների շնորհիվ գյուղատնտեսությունն սկսել է զարգանալ, նրա տեսակարար կշիռը ՀՆԱ-ում անընդհատ աճում է. 2000-06 թթ-ին միջին աճը կազմել է 12,2 %։

Արցախում պահպանվել են նաև կոլեկտիվ տնտեսությունները, չեն սեփականաշնորհվել գյուղտեխնիկան ու անասնապահպանական ֆերմաները, որն էապես նպաստել է տնտեսական կյանքի և պաշտպանունակության բարելավմանը։

Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են հացահատիկային ու կերային բույսերի մշակությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունն ու անասնապահությունը։ Ընդհանուր ցանքատարածությունների 95,4 %-ն զբաղեցնում են հացահատիկային և հատիկաընդեղենային (ներառյալ եգիպտացորենը) մշակաբույսերը, միայն ցորենինը՝ ընղհանուրի 75,2 %-ը։ Կարևոր ճյուղերից է նաև թթենու մշակությունը (924,9 հա), որի հիմքի վրա զարգացել են օղու, դոշաբի և այլ արտադրություններ։

2010-ին ԼՂՀ 594,85 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողերի 136,28 հազար հա-ն վարելահող էր, 11,32 հազար հա-ն՝ բազմամյա տնկարկներ, 36,08 հազար հա-ն՝ խոտհարքներ, 378,03 հազար հա-ն՝ արոտավայրեր, 33,14 հազար հա-ն՝ այլ հողեր, որոնցից 20,4 հազար հա-ն ոռոգվող հողատարածություններ են։

Գյուղատնտեսությունը 2010-ին ապահովել է երկրի ՀՆԱ-ի 11,3 %-ը, համախառն արտադրանքը կազմել է 32129,8 մլն դրամ, որի 59,3 %-ը բաժին է ընկել բուսաբուծությանը, 40,7 %-ը՝ անասնապահությանը։ Համախառն արտադրանքում գերակշռում են հացահատիկի և հատիկաընդեղենի (22,6 %), կաթի (19,8 %), մսի (14,7 %), պտղի և հատապտղի (9,9 %), բանջարեղենի (7,2 %), կերային մշակաբույսերի (7,5 %) արտադրությունները։

2011-ի հունվ. 1-ի դրությամբ՝ ԼՂՀ-ում կար 44,9 հազար խոշոր եղջերավորներ (կով՝ 19,9 հազար), 55,9 հազար մանր եղջերավորներ, 10,4 հազար խոզ, 312,7 հազար թռչուն, 20,4 հազար մեղվաընտանիք։

Համեմատաբար զարգացած են պտուղ-բանջարեղենի, խաղողի, կաթի մշակման և այլ ճյուղեր։

Պտուղ-բանջարեղենի արտադրության ճյուղի առաջատարը «Արցախ-Ֆրութ» ՓԲԸ-ն է, որը 2008-10-ին տարեկան միջին հաշվով մթերել է 155 հազար տ պտուղ-բանջարեղեն։ Արտադրանքն արտահանվել է հիմնականում ՌԴ, Ուկրաինա, փոքր քանակներով՝ նաև Ֆրանսիա, ԱՄՆ և այլուր։

Ներկայումս գործում են խաղող (3) և կաթ (4) վերամշակող ընկերություններ։

Ոլորտի զարգացման համար Կառավարությունը 2009-ից հաստատել է «ԼՂՀ գյուղատնտեսության կայուն զարգացման», «Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության բարձրացման միջոցառումների», «Հադրութի շրջանի Բանաձորի ենթաշրջանի համայնքներում գյուղատնտեսության զարգացման», «Հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման» և այլ ծրագրեր։