Արցախում հայալեզու առաջին դպրոցը (V դ.) Ամարասի վանքում հիմնել է Մեսրոպ Մաշտոցը։ Հետագայում դպրոցներ են բացվել Հոռեկա (XIII դ.), Երից մանկանց (XVII դ.) և այլ վանքերին կից։
Միջնադարում երկրամաս ներխուժած սելջուկ թուրքերի և այլ զավթիչների ասպատակությունների հետևանքով խաթարվել է մշակութային կյանքը, ավերվել դպրոցների մեծ մասը։ Այդուհանդերձ, արցախահայությունը կարողացել է դիմակայել ու պահպանել ազգային մշակույթը և ինքնությունը։
1805-ին Ռուսաստանին միանալուց հետո երկրամասում նպաստավոր պայմաններ են ստեղծվել տնտեսության, մշակույթի և կրթության զարգացման համար։ Վանքերին կից և առանձին բնակավայրերում բացվել են տարբեր տիպի դպրոցներ։ 1827-ին Շուշիում հիմնվել են Բազել քաղաքի Ավետարան․ ընկերության միսիոներ. (130 աշակերտ), 1830-ին՝ գավառ․ պետական (127 աշակերտ), 1832-ին՝ թեմ. (գործել է միչև 1920-ը) դպրոցները։
1830-ական թթ-ի վերջին Լեռն. Ղարաբաղի տարածքում գործել են 25 հայկական ծխական և մասնավոր դպրոցներ։ 1857-58-ին ծխական կրթական հաստատություններ են հիմնվել Ամարասի և Գանձասարի, 1861-ին՝ Գտիչ և Երիցմանկանց վանքերում։ 1860-70-ական թթ-ին Արցախի թեմում գործել են 30 ծխական դպրոցներ։ Այդ տարիներին Շուշիում բացվել են միջնակարգ և ռուսական 7-ամյա արական դպրոցները, ռուսական 7-ամյա օրիորդաց պրոգիմնազիան, Մարիամ-Ղուկասյան հայոց օրիորդաց միջնակարգ դպրոցը (1864-1920, մինչև 1913-ը՝ Մարիամյան), ռուսական ռեալ․ ուսումնարանը (1881-1920)։
Արցախի դպրոցներում աշխատել և դպրոցի կայացմանը նպաստել են հայտնի մանկավարժներ Մեսրոպ Թաղիադյանը, Պետրոս Շանշյանը, Պողոս վրդ. Ղարաբաղցին, Հովսեփ վրդ. Արցախեցին, Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Խորեն Ստեփանեն, Մանուկ Աբեղյանը, Լեոն, Հրաչյա Աճառյանը և ուրիշներ։
1914-15 ուսումնական տարում ԼՂ-ում գործել է 49 դպրոց (4010 աշակերտ, 79 ուսուցիչ)։ ԼՂ-ում կրթական գործն արմատապես փոխվել է խորհրդային իշխանության հաստատվելուց հետո. 1923-24 ուսումնական տարում գործել է 72 դպրոց (4375 աշակերտ, 140 ուսուցիչ)։ Նույն ուսումնական տարում Շուշիում բացվել են նաև մանկավարժ․ ուսումնարան ու բանֆակ, Ստեփանակերտում՝ գյուղատնտեսական, Հադրութում՝ մանկավարժ․ տեխնիկում։ Սակայն դրանք գործել են ընդամենը մի քանի տարի։ 1939-53-ին նախ՝ Շուշիում, ապա՝ Ստեփանակերտում գործել են երկամյա ուսուցչ. ինստ-ներ, որոնք ապահովել են մարզի ուսուցչ. կադրերի պատրաստում:
ԼՂԻՄ-ում 1923-24 ուսումնական տարում գործել են 104 (7684 աշակերտ, 222 ուսուցիչ), 1940-41-ին՝ 196, 1970-71-ին՝ 216 (40,3 հազար աշակերտ, 4364 ուսուցիչ) դպրոց։ ԼՂԻՄ-ի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, ֆիզիկայի ուսուցիչ Իվան Աթայանն արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ուսուցչի կոչման. ԼՂՀ կրթության նախարարությունը սահմանել է «Իվան Աթայան» հուշամեդալը։
1970-ից ԼՂԻՄ-ում իրավիճակը կտրուկ փոխվել է. դպրոցական ծրագրերից հանվել է «Հայ ժողովրդի պատմություն» առարկան, փոխարենը մտցվել է «Ադրբեջանի պատմությունը», մինչև 1987-ն ընկած ժամանակահատվածում փակվել են 21 հայկական դպրոցներ, իսկ աշակերտների թիվը նվազել է 8 հազարով։
Անկախության հռչակման տարում հանրապետությունում եղել են 214 դպրոց (36 հազար աշակերտ)՝ ներառյալ Շահումյանի շրջանի 19 դպրոցը, և 1 բուհ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստ-ը, գործել են բժշկ., երաժշտ., մշակույթի, մանկավարժական ուսումնարաններ և