Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայկազունների երրորդ մեծագույն ներկայացուցիչ՝ Հայկից և Արամից հետո։

Տիգրան Երվանդյանն ամրապնդել է դաշնակցային հարաբերությունները Մարաստանի հետ՝ քրոջը՝ Տիգրանուհուն, Մարաց Աժդահակ արքային կնության տալով։ Սակայն մարերի գերակայությունը թոթափելու ակնկալությամբ Տիգրանը զինակցել է աքեմենյան Կյուրոս զորավարի հետ՝ ընդդեմ Աժդահակի։ Եռամյա պատերազմը (մ. թ. ա. 553-550) ավարտվել է Մարաստանի կործանմամբ և Աքեմենյան պարսկ. աշխարհակալության (ի դեմս Կյուրոս II Մեծի, մ. թ. ա. 550-530) ստեղծմամբ։ Ըստ հայկական ավանդության՝ Աժդահակին սպանել է Տիգրանը։

Հերոդոտոսը, վկայակոչելով Հեկատեոս Միլեթացու աշխարհացույցը, մ. թ. ա. VI-V դդ-ում Հայաստանը ներկայացրել է հայերով բնակեցված միաձույլ, ընդարձակ երկիր, որն ամբողջությամբ ընդգրկել է Հայկական լեռնաշխարհը։ Հայոց հեծյալ և հետևակ զորքերը Տիգրանի ու նրա զորավար Եմբասի գլխավորությամբ մասնակցել են Նոր Բաբելոնիայի դեմ Կյուրոս II-ի հաղթական պատերազմին և Բաբելոն քաղաքի գրավմանը (մ. թ. ա. 538/537)։ Տիգրանին հաջորդել է Վահագն որդին, որի օրոք (մ. թ. ա. մոտ 524-515) Հայաստանը հավանաբար եղել է Աքեմենյան աշխարհակալությանը ենթակա վարչամիավոր՝ սատրապություն։ Դարեհ I Աքեմենյանի գահակալման (մ. թ. ա. 522-486) սկզբին, ի թիվս բազմաթիվ երկրների, Հայաստանը նույնպես ապստամբել է պարսից գերիշխանության դեմ։ Սակայն մ. թ. ա. 522-520-ին հայերը միայն հինգերորդ ճակատամարտից հետո են ընդունել Դարեհ l-ի գերիշխանությունը։ Այդ իրադարձությունների մասին է Դարեհ l-ի Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը, որտեղ հին պարսկ-ով Հայաստանն անվանվում է Արմինա, էլամերենով՝ Հարիմինույա, աքքադա-բաբելոներենով՝ Ուրաշտու (Ուրարտու)։

Մ. թ. ա. V դ-ի 1-ին քառորդին Հայաստանը հիշատակվում է որպես Աքեմենյան տերության առանձին (ըստ Հերոդոտոսի՝ XIII) սատրապություն, որտեղ շարունակում էին իշխել (իբրև սատրապ-թագավորներ) Հայկազուն Երվանդյանները։ Մ. թ. ա. 331-ի հոկտ. 1-ին Ալեքսանդր Մակեդոնացու դեմ Գավգամելայի ճակատամարտում Դարեհ III Կոդոմանոսի պարտությունից հետո նրա բանակում կռվող Մեծ Հայքի զորքերը՝ սատրապ Օրոնտես-Երվանդ Գ-ի (մ. թ. ա. 336-մոտ 300), և Փոքր Հայքինը՝ Միթրաոատեսի գլխավորությամբ, վերադարձել են Հայաստան և հռչակվել իրենց երկրների անկախ թագավորներ։ 2-3 տարի անց Ալեքսանդրի զորաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ ներխուժել է Հայաստան՝ փորձելով զավթել Սպերի (Բարձր Հայքի նահանգ) ոսկեբեր հանքերը։ Ստրաբոնի վկայությամբ՝ հայերը ոչնչացրել են Մենոնի բանակը, իսկ զորավարին՝ «խեղդամահ արել»։ Դրանից հետո Ալեքսանդրը նոր զորք չի ուղարկել Հայաստան։

Ալեքսանդր Մեծի արշավանքներից հետո Առաջավոր Ասիայում սկզբնավորվել է հելլենիզմի (հունականություն) ժամանակաշրջանը, իսկ տեղական և հուն, մշակույթների սերտաճմամբ ստեղծվել է հելլենիստ. մշակույթը։ Հայաստանում այն տևել է գրեթե 6 դար։

Ալեքսանդր Մակեդոնացու մահվանից (մ. թ. ա. 323) հետո նրա հսկայածավալ տերությունը բաժանվել է 3 մասի։ Առաջավոր Ասիայի երկրներում թագավոր է հռչակվել Սելևկոս I Նիկատորը (մ. թ. ա. 312-280)՝ հիմնադրելով Սելևկյանների պետությունը։ Վերջինս փորձել է տիրանալ նաև Մեծ Հայքին։ Սակայն Երվանդ Գ արքան կարողացել է պաշտպանել իր երկրի անկախությունը։ Ավելին, Երվանդ Գ-ի ռազմ, օգնությամբ Փոքր Հայքը, Կապադովկիան և Պոնտոսը նույնպես հռչակվել են անկախ թագավորություններ։ Փոքր Հայքում Միթրաոատեսին հաջորդել է Արիակեսը, որի իշխանությունը տարածվել է մինչև Սև ծովի ափերը։

Մեծ Հայքի թագավորության մաս է կազմել նաև անդրեփրատյան Կոմմագենե երկիրը։ Մ. թ. ա. 226-ին Ծոփքի ու Կոմմագենեի հայոց կուսակալ Շամ (Սամոս) Երվանդյանը հռչակվել է թագավոր։ Շամը կառուցել է Կոմմագենեի Սամոսատ (Շամշատ) մայրաքաղաքը և հատել դրամներ, որոնք մեզ հասած հայկական առաջին արքայական դրամներն են։ Մինչ այդ դրամներ թողարկած Երվանդ Բ-ն և Տիրիբազը եղել են սատրապական Հայաստանի կառավարիչներ։ Մ. թ. ա. 240-ին Շամին հաջորդել է որդին՝ Արշամը, որը հիմնել է Արշամաշատ քաղաքը (հետագայում՝ մայրաքաղաք) Ծոփքում և Արշամեա անունով 2 քաղաք՝