Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1015

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ

Արցախում, մասնավորապես՝ Շուշիում, պարբ-ներ հրատարակվել են XIX դ-ի 70-ական թթ-ից։ 1870-1920-ին հրատարակվել են հասարակական, քաղաքական, կրթալուսավորչական, ազգային, կրոն․ և այլ բնույթի 21 անուն թերթ ու ամսագիր, որոնցից 2-ը՝ ռուսերեն։ Անդրանիկ թերթը «Հայկական աշխարհն» էր (1874)։ Հետագայում տպագրվել են «Քնար խոսնակ» (1881), «Գործ» (1882-84), «Ծիածան» (1886), «Աշակերտական թերթ» (1896-97), «Ազգագրական հանդես» (1896-1916), «Կռունկ» (1898-1900), «Շուշինսկի լիստոկ» (ռուսերեն, 1911), «Ղարաբաղ» (1911-12), «Աշակերտ» (1913), «Շուշինսկայա ժիզն» (ռուսերեն, 1913-14), «Միություն», «Միրաժ» (երկուսն էլ՝ 1913-17), «Ղարաբաղի ձայն» (1915), «Փայլակ», «Պայքար» (երկուսն էլ՝ 1915-17), «Նեցուկ», «Սրինգ», «Եռանդ» (երեքն էլ՝ 1917), «Ապառաժ» (1917-19), «Արցախ» (1919), «Գյուղացիական կոմունա» (1920) և այլ պարբ-ներ։

1920-ից ԼՂԻՄ-ում հրատարակվել են մի շարք մարզային, 1932-ից՝ շրջ. թերթեր։ ԼՂԻՄ-ի պետական լրատվամիջոցը «Ղարաբաղի գեղջուկ» (1923) թերթն էր, որը 4-րդ համարից հետո լույս է տեսել «Խորհրդային Ղարաբաղ» վերնագրով, 1992-ին՝ «Արցախ», 1994-ին՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», 1998- ից՝ «Ազատ Արցախ»։

«Ազատ Արցախ» երկօրյա թերթը ԼՂՀ ԱԺ-ի և Կառավարության պաշտոնաթերթն է։ Լուսաբանում է հանրապետության առօրյան, հաս-քաղաքական, մշակութային և կրթական կյանքը, ունի գրական և մշակութային էջեր։ Տպագրվում է նաև ռուս․ տարբերակը՝ որպես շաբաթաթերթ։ Մեծ տեղ է հատկացնում մարզի կազմավորման պատմությանը, բազմաթիվ նյութեր ու փաստաթղթեր է տպագրում Հայկական հարցի, պատմության խեղաթյուրումների, ադրբ. իշխանությունների՝ Արցախը հայաթափելու գործողությունների մասին։ Հետևողականորեն լուսաբանում է նաև Արցախյան հերոսամարտի պատմության, զինադադարից (1994) հետո քայքայված տնտեսության վերականգնման, նորաստեղծ հանրապետության պետական կառույցների ստեղծման, Արցախյան հիմնախնդիրը համաշխ. հանրությանը ներկայացնելու, հանրապետության սոցիալ-տնտեսական բարեփոխումների, կրթության, առողջապահ-յան և այլ հարցեր։

Ներկայումս Արցախում լույս են տեսնում նաև ՊԲ-ի «Մարտիկ», Ստեփանակերտի քաղաքապետարանի «Ստեփանակերտ», Մարտունիի շրջվարչակազմի «Ամարաս», Հադրութի շրջվարչակազմի «Դիզակ», Շուշիի շրջվարչակազմի «Շուշի», Ասկերանի շրջվարչակազմի «Բերդ», Մարտակերտի շրջվարչակազմի «Ջրաբերդ», Շահումյանի շրջվարչակազմի «Մռավի ղողանջներ», ԼՂՀ կրթ-յան, մշակույթի և սպորտի նախարարության «Լուսարար», ԼՂՀ գրողների միության «Եղիցի լույս», Արցախի պետական համալսարանի «Արցախի համալսարան» պաշտոնաթերթերը, մանկապատանեկան «Լուսայգ», հանրապետական «Արհմիություններ», երգիծ. «Եղինջ» և «Պըլը Պուղի», կուսակցական «Ակումբ», «Արցախի կոմունիստ», «Ապառաժ», «Հայրենիք» պարբ-ները, ինչպես նաև «Անալիտիկոն», «Նոր էջ», «Նաշ դոմ» (ռուսերեն), «Հայկի սերունդ», «Հայրենյաց պաշտպան» ոչ պետական թերթերը, «Գեղ.arm» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսը և այլն։ Կան նաև լրատվության էլեկտրոնային միջոցներ («Արցախ ON Line» և այլն)։


ՌԱԴԻՈ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1928-ից գործում է Արցախի ռադիոհանգույցը, որը լուսաբանել է մարզի առօրյան, հաս-քաղաքական, մշակութային և կրթական կյանքը, ներկայացրել հայ գրակ-ն ու արվ-ը, երիտասարդությանը հետաքըրքրող հարցեր, Ադրբեջանում և ԽՍՀՄ-ում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։ 1988-ից սկսած՝ Արցախյան ազատագր. շարժումն արմատապես վերափոխել է մարզի ռադիոհաղորդումների դիմագիծը։ Առաջին պլան են մղվել մարզի կազմավորման իրական պատմության